воскресенье, 5 августа 2012 г.

ԱՍՏՂԱԿԱԹ (վիպակ)

Կյանք է էլի~, ապրում են էլի~... տուն կա` տասը-տասներկու երեխա ունի, մեկը մյուսի շոր-կոշիկը հագնելով, մի օր` կուշտ, մի օր` սոված մեծանում են, տուն էլ կա` պատերը սառույց են, երեխայի հոտ չկա... Գրողը տանի, ես էս կյանքում քննություն չբռնեցի, տեսնես` մեկ էլ երբ եմ գալու, թե՞ չեմ գալու, օ~ֆ, Աստված... ես էսպես չեմ խաղում, մեղքս գալիս եմ... Ահա' էս խոտը, ծառը հազար մահ ունեն, բայց հազար էլ կյանք ունեն, որ մի կյանքում ծուռ-մուռ աճեն կամ իրար ոտնատակ տան, նեղացնեն, կամ որ բար չտան, աշխարհը քաղցրացնեն, հանգիստ խղճով կփտեն, որ նորեն մատղաշ աճեն, որ չարածն անեն, որ բերքից ծանրանան, հակվեն հողին ու լիանան, բա ես սրանց չափ էլ չկա՞մ... Տե'ր, ներիր, ախր, ամեն օր նայում եմ էս քար ու ջրին ու ինձ տեսնում հողը մտած, ափսոսս գալիս եմ... իբրև` չկամ ու գիտեմ, որ չկամ, ու սիրտս ծակում է: Մի օր պայթելու եմ, գիտեմ, բայց պետքս չի. բաժակաճառ չասեք, ծաղիկ-պսակ չբերեք, թմբիս քար չդնեք, թող անհետ կորչեմ, էդպես ո՞ւմ եմ պետք... չեմ խաղում: Էն Վարուժի ասածը, թե` էնքան չեմ մեռնի, մինչև թափորիս մի ծայրը մյուսին չտեսնի, էդ էլ ինձ պետք չի, չեմ ուզում, թող թափոր չլինի, խռով եմ: Չլացեք, պետքս չի, չեք խաբի, ոչնչով չեք խաբի... էս ջուրը որ ջուր է, մի տեղ ցամաքում է, գետնի տակն անցնում, մի ուրիշ տեղ ժայթքում է, վարարում, ես էս ջրի կաթիլն էլ չարժեմ... անաստված Տե'ր... բերում ես էս լույս աշխարհն ու ամեն բան ցույց տալիս, հետո թե` էսքանն էր քոնը, էլ կբավի, հայդե', տեղդ զիջի', պը'րծ:                                     1999