суббота, 14 июля 2018 г.

ՓԵԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ




7.    ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՍ` ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻ

-      Մանե՜, Մանե՜, սուրճն ու պաղպաղակը դի՛ր սեղանին, մազերս չորացնեմ` գամ: Համ էլ քեզ բան ունեմ պատմելու:
-      ……………………………………………………
-      Մանե՜, էս ի՜նչ դառը սուրճ ես սարքել, աղջիկս, մոռացե՞լ ես, որ Սկալդինադ քաղցրասեր է, Մանե՜ ջան, ո՞նց ես մոռացել, աղջի´կս:
-      ……………………………………………………..
-      Մի օր, երբ փոքր էի, էնքան փոքր, որ դեռ չգիտեի աշխարհի վտանգների մասին, բայց արդեն գիտեի, որ աշխարհը շարունակվում է մեր գյուղը շուրջկալած բլուրների մյուս երեսին, կանգնեցի փայտե աթոռին, կողպեքի փականն աջ պտտեցի, լեզվակը սահուն ճթթոցով դուրս թռավ տեղից, մեր տան դուռը բացվեց, աթոռից թռա ճռճռացող հատակին, աթոռը մի կողմ հրեցի ու դռան կիսաբաց արանքով դուրս եկա` դուռը հետևիցս բաց թողնելով: Երևի կարծում էի` շուտով հետ կգամ ու էդ նեղ արանքից տուն կմտնեմ: Մի մատ երեխա էի ու բնազդորեն զգում էի` ուր էլ գնամ, տուն եմ գալու, թող դուռը կիսաբաց մնա:   
Չգիտեմ, թե ինչքան ժամանակ էի քայլել, բայց երբ երևաց, որ գյուղի մի ծայրից մյուսն եմ հասել, ինձ չկորցրի, էլի ոտքերիս զոռ տվեցի, գնացի, գնացի ու հասա մի հեռու տեղ, վերևից նայեցի, ի՜նչ տեսնեմ` ներքևում թշշալով, վշշալով` ջուր է հոսում, քիչ էր մնում ընկնեի էդ ջուրը, բայց ինձ մի կերպ զսպեցի ու հետ-հետ գնալով` գլուխս խփեցի մի կոշտ կոտոշի, շուռ եկա, տեսնեմ` սև, մեծ, դատարկ խողովակ է, էնքան մեծ էր, որ երբ կանգնեցի բերանի մեջ ու ձեռքերս բարձրացրի, մատներս չհասան, որ վիզը բռնեմ ու ճոճվեմ: Մտա էդ խողովակի մեջ ու տմբտմբալով էնքան քայլեցի, մինչև որ դուրս եկա մյուս ծերից, հիմա չգիտեմ, թե քանի ժամ, օր կամ շաբաթ էի քայլել, բայց հիշում եմ, որ անընդհատ քայլում էի, ընկնում էի, վեր էի կենում, նորից էի ընկնում, նորից էի վեր կենում, շունչս կտրվում էր, մի քանի բերան օդ էի կուլ տալիս ու շարունակում մաքառել. ծնկներս ու արմունկներս էնքան էի խփել խողովակի կողերին, որ ցավից մռմռում էին, բայց անգամ փորսող տալով` էլի առաջ էի գնում, որ դուրս գամ էդ թունելից: Վերջը տեղ հասա:
Ուրեմն, երբ տեղ հասա, աչքերիս դիմաց մի հազար շրջան լույս էր պտտվում, հետո սարերը, տները, ծառերն էլ սկսեցին պտտվել, հետո երկինքն իջավ ոտքերիս տակ, հիմա արդեն երկնքում էի քայլում, հետո, երբ երկինքը մթնեց, ինձ չկորցրի, մի բարձր ցատկով իջա երկնքից ու վազելով գնացի հասա մի անծանոթ տեղ, որտեղ լույսի շիթերն ընկան աչքերիս մեջ, որ ինձ կուրացնեն, բայց ես նայեցի, տեսա ու խելքս էնքան կտրեց, որ հասկացա` քաղաք եմ ընկել, քանի որ մամաս ասել էր` քաղաքի փողոցներում գիշերը լույսեր են վառվում: Շշմած քայլեցի էդ քաղաքի փողոցներով, լույսերի միջով վազեցի, աստիճաններով բարձրացա, լույսերի վրայով թռա, աստիճաններից իջա, կռացա ու քիթս դեմ տվեցի ապակուն, գետնին կպած պատուհաններից ներս նայեցի. մութ էր, բան չէր երևում, ու երբ տեսա` էսքան վազվզելուց հետո ոչ մեկն ինձ չի նկատում էդ քաղաքում, շրջվեցի ու հետ եկա` մեր գյուղի ճամփան բռնած, շատ քայլեցի, քիչ քայլեցի, հասա էն մեծ, սև խողովակին, մտա մեջը, նորից տմտմբալով, ընկնել-վեր կենալով, քերծվելով ու կապտելով շարժվեցի, հասա խողովակի մյուս ծերին, դուրս եկա, նորից քայլեցի, գյուղի էս գլխից մտա, էն գլխով դուրս եկա ու հասա տուն:
Հաջորդ օրը մեր գյուղը խոսում ու բերնեբերան պատմում էր իմ հերոսության մասին: Բոլորը միաբերան վկայում էին, իրար հերթ չտալով` նկարագրում ու պատմում էին, թե ես ոնց էի մոլորվել անմարդ ու անցուցանակ ճանապարհին ու առանց կողմնակի օգնության, առանց որոնող ջոկատի փրկության` ոնց էի գլխիս ճարը տեսել ու ողջ-առողջ տուն հասել:
Մեր գյուղացիները նաև վկայում էին, որ ես հաստատ քաղաք էի հասել, որտեղ գետնահարկի պատուհաններից մեկում մի կախարդի գլուխ էի տեսել, վախից լեղիս ճաքել էր, ու ես պուկ` փախել էի իմ հարազատ գյուղը, որտեղ հորս տատմերը մոմ էր թափել ու վախս բռնել, որ մի ցավի չտիրանամ: Կա-չկա` մոմը քչություն էր արել:
Վերադարձիս օրը կարմրանախշ թվով մտավ մեր գյուղի տոնացույցի մեջ:
Օրեր ու ամիսներ ու տարիներ անց միայն իմացա, որ անգամ ինձ բանի տեղ չդրած քաղաքում էին մարդիկ խոսում աննախադեպ հերոսությանս մասին: Ես հերոս էի: Մեր ժամանակների հերոսը ես էի: Ուրիշների փոխարեն ե´ս էի ինձ որոնել, գտել ու փրկել, ես էի ինձ ճանաչել քաղաքի օտարության մեջ, ես էի ինձ բռնացրել ու դարձի բերել: Էդ օրվա հերոսությունս մնացած կյանքիս համար սովորություն դարձավ: Հենց նեղն էի ընկնում, մենակ իմ օգնությանն էի դիմում: Երբ մի քիչ էլ մեծացա, արդեն գլխի էի ընկնում, թե մերս ինչի էր ասում. «Է՜հ, սուտ բան ա, էս կյանքը փուչ դուրս եկավ, ամեն մարդ իրա համար ա ապրում, ամեն մարդ իրա դարդն ա լացում, թե եղունգ ունես` գլուխդ քորի»: Հիմա եմ հասկանում, որ մերս ճիշտ էր ասում: Հասկանու՞մ ես` ինչ եմ ասում, Մանե: Մի օր կհասկանաս:
-      ……………………………………………………   
-      Հիմա, հենց հիմա հիշեցի, որ մի բան էլ եմ ուզում խոստովանել, Մանե, աղջի´կս, դու սուրճդ խմի, չսառի, ես սառն էլ եմ խմում, էս պատմեմ, քանի դեռ չեմ մոռացել, պատմեմ, քանի դեռ էն բժիշկները չեն եկել ու ինձ, իրենց կարճ խելքով, խիստ օգտակար, հանգստացնող չեն ներարկել, քանի դեռ դրանց ձեռքին իսկական գիժ չեմ դարձել, քանի դեռ ինձ փորձադաշտ չեն սարքել և փուքը նստած փուչիկի պես աղբաման չեն նետել, ուզում եմ էս մի բանն էլ պատմել, որ կյանքս լրիվ պատկերացնես:
-      ……………………………………………………
-      Ուրեմն, ամառվա մի կարմիր օր, երբ դեռ դպրոցական էի ու արդեն երազածս արձակուրդն էի վայելում, հանկարծ սկսեցի մրսել, էն ո՜նց էի մրսում, ո՜նց էի մրսում, բայց չէի ուզում, որ տատս ու պապս կամ մերս ու հերս իմանային, թե ինձ հետ ինչ էր կատարվում: Իսկ ինձ հետ էնքան էլ սովորական բան չէր կատարվում, Մանե. ես մրսում էի, սարսռում էի մի օր, երբ բոլորը շոգից խեղդվում էին, երբ արևը վառում էր հողն ու խոտը, մեր Ծաղիկ հորթի գլուխը, մեր` պոչն ու ականջները կտրած Չամբարի մռութը, ես մրսում էի, բայց ոչ մեկին չէի ուզում ասել, որ ոսկորներս ցրտից շխկշխկում էին, զնգզնգում, կտկտում ու ջարդվելու պես ցավում էին:
Մարմինս ցրտից փայտացել էր, ես ինձ փայտե տիկնիկ էի զգում` փայտե երեսով, փայտե ձեռք ու ոտքով, փայտե մազերով ու փայտե սրտով տիկնիկ, որի փայտե թիկունքին մի ահագին անցք կար, ու էդ անցքում էր պահվում էդ փայտե տիկնիկի փայտե սիրտը լարելու բանալին:
Հիմա, երբ հիշում եմ, թե ինչպես ինձ չնետեցի վառարանը, որ վերջապես ուշքի գամ, զարմանում եմ, քանի որ արդեն հասել էի բոցերի մեջ հուրհրացող օջախին ու սրթսրթալով նայում էի: Նայեցի, նայեցի, բայց էդպես էլ չհամարձակվեցի նետվել օջախի ճթճթացող գիրկը: Քաջությունս չհերիքեց, որ խոստովանեմ. «Ներեցեք, որ ձեզ նման չեմ շոգում, ներեցեք, որ ձեզ նման չեմ»:
Սառած-փայտացած նստել էի վառարանի թեժության կողքին. ոչ մի հույս չկար, որ կտաքանամ: Էդպես էլ չտաքացա: Ու երբ գլուխ էի կոտրում, որ հասկանամ, թե ինչի չէի տաքանում վառարանի թեժության մեջ, հանկարծ կայծակնահար եղա: Դու մի ասա` վառարանը ես էի հորինել ու միայն ես էի տեսնում: Ես տեսնում էի մի վառարան, որը չկար, ավելի ճիշտ` կար, բայց ուրիշ տեղ էր, համենայն դեպս, ո´չ էնտեղ, որտեղ ես էի մրսում, ու քանի որ ինձ տաքություն էր պետք, նստած երևակայում էի, թե հասել եմ էն մեն միակ վառարանին, որին, աչքս ջուր կտրած, սպասում էի դեռ ծնվելուց առաջ, որպեսզի ուրախությունից ինձ անխնա նետեմ նրա թեժության մեջ ու հանուն վեհ գաղափարի` հանուն շրջապատի ծափահարության, կյանքս զոհաբերեմ:
-         Մանե՞:
-         ………………………………………………………
-         Հասկանու՞մ ես` ինչ եմ պատմում, Մանե՛ս:
-         ………………………………………………………