воскресенье, 8 сентября 2013 г.

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻՋԱՏԻ ՀԵՏ

Արթնանում եմ ու ձեռքս տանում հեռախոսիս, տեսնում եմ` զարթուցիչի զանգի ժամից ահագին շուտ է, ներսումս ծիծաղում եմ ինձ վրա, որ էսքան վախկոտ եմ, նայում եմ հայելուն, ինձ աչքով անում, ու օրս սկսվում է: Պատուհանը բացելիս մի պստիկ միջատ է բարձրանում ձեռքիս: Մեկ ուզում եմ ձեռքս պատուհանից հանել թափահարել, որ թռչի գնա, մեկ էլ մտածում եմ` որ եկել է, թող մնա, երևի ուրիշ տեղ չունի գնալու: Իսկ եթե ուզում է թռչել, բայց չգիտի` ուր, կամ, գուցե գիտի` ուր, բայց չգիտի` ինչպես, կամ էլ գիտի` ինչպես, բայց այդպես էլ չի հասկանում, թե ինչու պետք է անպայման թռչի հենց իր ուզած տեղը: Նայում եմ ձեռքիս, նայում հայելուց ինձ նայող աչքերին, ու հարցնում` դո՞ւ ուր ես ուզում գնալ, ինչո՞ւ ես ուզում, բա ի՞նչ գիտես` ո՞նց գնաս, բա որ գնաս, ե՞րբ կհասնես, իսկ որ հասնես, ի՞նչ ես անելու, ո՞նց ես անելու, ու էսպես շարունակ էնքան եմ ինձ հարցակոխ անում, որ մոռանում եմ, թե ինչից սկսվեց միջատաքննությունս: Հիմա մի բան հաստատ գիտեմ. ուզում եմ միջատաբան դառնալ: Դրա համար էլ ձեռքս համարձակ հանում եմ պատուհանից ու թափահարում: