среда, 6 марта 2013 г.

Գաբրիել Գարսիա Մարքեզը հանդիպում է Էռնեսթ Հեմինգուեյին






1957 թվականի գարնանային մի օր կնոջ` Մերի Ուելշի հետ անցնում էր Փարիզի Սուրբ Միշել Բուլվարով. անմիջապես ճանաչեցի նրան: Քայլում էր փողոցի հանդիպակաց մայթովԼյուքսեմբուրգյան այգիների ուղղությամբ, հագին շատ մաշված քաուբոյի անդրավարտիքն էր, բրդյա վանդակավոր վերնաշապիկը և գնդակ խաղացողի գլխարկը: Բայց մի բան, կարծես, իրենը չէր. մետաղյա շրջանակով փոքր ու կլոր ակնոցը, որը վաղաժամ նրան պապիկի տեսք էր տալիս: Արդեն հիսունինը տարեկան էր, խոշորակազմ էր և շատ էր աչքի զարնում, բայց այն վայրագ ուժի տպավորությունը չէր թողնում, որ, անտարակույս, կուզեր, քանի որ ազդրերը նեղ էին, իսկ ոտքերը փոքր-ինչ հյուծված էին թվում անտառահատի կոշտ երկարաճիտների մեջ: Այնպես առույգ էր անցնում հնագրավաճառ խանութների կողքով և Սորբոնի պատանի ուսանողների հեղեղի միջով, որ անհնար էր պատկերացնել, թե նրան լոկ չորս տարի էր մնացել ապրելու:
Ինչպես  միշտ էր պատահում նման  դեպքերումմի  ակնթարթ  ինձ գտա  երկու մրցակից դերերիս արանքում: Չգիտեի` պողոտան անցնեմ՝ հարցազրո՞ւյց խնդրելու, թե՞ նրա հանդեպ ունեցած իմ անվերապահ հիացմունքը հայտնելու համար: Երկու դեպքում էլ բախվում էի միևնույն սաստիկ անհարմարությանը: Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, նույն տարրական անգլերենով էի խոսում, իսկ ցլամարտիկի նրա իսպաներենին շատ չէի վստահում: Ուստի, որպեսզի պահը բաց չթողեմ, ո՛չ այս, ո՛չ այն` երկու ձեռքով բերանս շուրջկալեցի, ինչպես Տարզանը ջունգլիներում, և մի մայթից մյուսն աղաղակեցի
- Մաաաեե՜եստրո
Էռնեսթ  Հեմինգուեյը հասկացավ, որ ուսանողների այդ բազմության մեջ ուրիշ վարպետ չէր կարող լինել, ուստի շրջվեց, ձեռքը բարձրացրեց և շատ մանկական ձայնով, իր կաստիլիական իսպաներենով բղավեց իմ կողմը .
- Ադիո~, ամի~գո:
Այդ մեն մի անգամը տեսա նրան:
Այդ ժամանակ ես 28-ամյա լրագրող էի` մեկ հրատարակված վեպով և Կոլումբիայի գրական մրցանակով, իսկ Փարիզում հայտնվել էի բախտի քմահաճույքով և առանց որևէ մեկի հրահանգի: Իմ մեծ վարպետները Հյուսիսային Ամերիկայի երկու վիպասաններն էին, որոնք գրեթե ոչ մի ընդհանուր բան չունեին: Մինչ այդ նրանց հրատարակած բոլոր գրքերը կարդացել էի, ո՛չ որպես լրացուցիչ ընթերցանություն, ընդհակառակը, որպես երկու առանձնահատուկ և գրեթե երկուստեք բացառիկ գրականության ընկալման ձևեր: Նրանցից մեկը Ուիլյամ Ֆոլքներն էր, ում աչքովս երբեք չէի տեսել և կարող էի միայն պատկերացնել այնպես, ինչպես պատկերված էր Քարթիեր Բրեսոնի նշանավոր նկարումվերնաշապիկը հագին, կանգնած երկու փոքր, սպիտակ շնիկների կողքին` թևը քորելիս, մյուսը այն հպանցիկ հայտնված մարդն էր, որը հենց նոր մնաս բարով ասաց ինձ փողոցի մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն թողնելով, կարծես ինչ-որ կարևոր բան էր պատահել իմ կյանքում, և պատահել էր բոլոր ժամանակների համար:
Չգիտեմ, թե ով է ասել, որ վիպասաններն այլոց վեպերը կարդում են սոսկ պարզելու, թե ինչպես են դրանք գրված: Կարծում եմ` ճիշտ է ասված: Մենք չենք բավարարվում այն գաղտնիքներով, որոնք բացահայտված են էջի երեսին, մենք շրջում ենք գիրքը` գտնելու նրա կարերը: Որոշ իմաստով դա անհնար է բացատրել. գիրքը բաժանում ենք մի քանի էական մասերի, հետո կրկին միացնում իրար, եթե արդեն հասկացել ենք նրա՝ անհատական ժամացույցի պես աշխատելու գաղտնիքները: Ֆոլքների գրքերում այս փորձը վհատեցնող է, քանի որ նա գրելու օրգանական համակարգ չունի, այլ կուրորեն քայլում է իր բիբլիական տիեզերքով, ինչպես ազատ արձակված այծերի հոտըբյուրեղով լեցուն խանութում: Եթե հաջողեք նրա մեկ էջը քանդել, ապա այն տպավորությունը կստանաք, որ զսպանակներն ու պտուտակները դուրս են մնացել, և անհնար է կրկին ամեն բան իր նախկին տեղը դնել: Հեմինգուեյը, ճիշտ հակառակը, ավելի քիչ ոգեշնչումով, քիչ կրքով ու քիչ խենթությամբ, սակայն հիասքանչ ճշգրտությամբ լիովին ցուցադրում է պտուտակներն այնպես, ինչպես դրանք բեռնատարի վրա են: Հավանաբար, դա է պատճառը, որ Ֆոլքներ գրողն ավելի շատ իմ հոգուն ասելիք  ունի, մինչդեռ Հեմինգուեյի ասելիքն իմ արհեստին է վերաբերում. նկատի ունեմ ո՛չ միայն նրա գրքերը, այլև այն ապշեցնող գիտելիքը, որ նա ունի գրելու, որպես գիտության, վարպետության մասին: Ջորջ Փլիմփթոնին տված իր հարցազրույցում («Դը Փարիզ Ռիվյու»), որը պատմական կարևորություն ունեցավ, Հեմինգուեյը, ի հակառակ ստեղծագործելու մասին եղած ռոմանտիկ պատկերացման, բոլոր ժամանակների համար ցույց տվեց, որ տնտեսական հարմարավետությունն ու լավ առողջությունը նպաստում են գրելուն, որ գրելու գլխավոր դժվարություններից մեկը բառերը լավ դասավորելն է, որ երբ գրելը դժվարանում է, լավ է վերընթերցել սեփական գրքերը և հիշել` գրելը միշտ էլ դժվար է եղել, որ կարելի է գրել ամենուր և այնքան ժամանակ, քանի դեռ այցելու և հեռախոս չկան, որ ճիշտ չէ, թե լրագրությունը ոչնչացնում է գրողին, ինչպես հաճախ պնդում են, այլ հակառակը. որքան գրողը հեռու է մնում լրագրությունից, այնքան շուտ է սպառվում«Եթե գրելը դարձել է մարդու գլխավոր թերությունը և մեծագույն հաճույքը, - ասում էր Հեմինգուեյը, - միայն մահը կարող է վերջ տալ դրան»: Ի վերջո, նրա դասերից մեկն էլ այն հայտնագործությունն էր, որ ամենօրյա աշխատանքը պետք է ընդհատել միայն այն ժամանակ, երբ գիտես, թե վաղը որտեղից ես սկսելու: Չեմ կարծում, թե գրելու մասին սրանից ավելի օգտակար խորհուրդ տրված լինի երբևէ: Սա ոչ ավել, ոչ պակաս, քան գրողների ամենասոսկալի տեսիլքի լավագույն դեղամիջոցն է. տեսիլքը` առավոտվա հոգևարքը դատարկ թղթի առջև:
Անգլերենից թարգմանեց Դիանա Համբարձումյանը