пятница, 9 ноября 2012 г.

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՈՒ. ՖՈԼՔՆԵՐԻ ՙՍԱՐԹՈՐԻՍ՚ ՎԵՊԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՄ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



         Ամենասկզբում բնագրով կարդացի ՙՍարթորիս՚ վեպը, չէ, սկզբում մորեղբորս որդին ինձ մի օր գրախանութ տարավ, անգլերեն հինգ-վեց գիրք գնեց ու նվիրեց, հետո ես իմացա, որ ամերիկայում ապրել է Ուիլյամ Ֆոլքներ անունով գրողը և գրել այդ ՙՍարթորիս՚ վեպը, որը ես նվեր եմ ստացել, որպեսզի իմ ուսումնասիրած լեզվով գիրք կարդամ: Ուրեմն, սկզբում գիրքն էր, հետո այդ գրքի իմ ընթերցումը,  հետո… հետո սկսեցի ֆոլքներագիտություն ուսումնասիրել, որ ինձ հասու էր ռուսերենով ու անգլերենով: Հայերեն մի քանի գործերի թարգմանություններ արդեն կային հրատարակված, բոլորը կարդացի, հետո փնտրեցի հայերիս անդրադարձը Ու. Ֆոլքներին` լեզվաբանության կամ գրականագիտության մակարդակում,  բայց պարզեցի, որ այս ու այնտեղ մեկ տողանոց, երբեմն ընդամենն անուն-ազգանունը նշելով բավարարված գրականագետների թողած հետքից այն կողմ անհնար է անցնել և, ի վերջո ՙԳարունում՚ կարդացի  Հրանտ Մաթևոսյանի էսսեանման խոսքը, որը հենց գրողի` մի ուրիշ գրողի պարականոն գոյության անպարագիծ ընկալումն էր, քանի որ, Վարպետի խոստովանությամբ, այն ժամանակ, երբ ինքն իր գիրն էր ստեղծում, որոնց մասին խոսելիս, անհամեստորեն ասեմ, ես աղերսներ եմ նկատել Ֆոլքների ստեղծածի հետ, ինքը դեռ չէր հասցրել կարդալ ռուսների թարգմանածը, իսկ հայերեն ոնց որ թե դեռ թարգմանված չէր: Հետո նստեցի ու տեղը տեղին մի քանի հոդված գրեցի ֆոլքների և նրա երկերի հայերեն թարգմանությունների մասին, և վերջապես, սկսեցի թարգմանել ՙՍարթորիսը՚:
         Խոսքիս այս նախաբանը բոլոր նրանց համար էր, ովքեր փորձում են և, նույնիսկ, կարծում են, որ արդեն ավարտել են այդ փորձաշրջանը, թարգմանել որևէ գրական գործ: Շատ կտխրեմ, եթե այնպիսի տպավորություն թողնեմ, թե ինձ համարում եմ փորձաշրջանն ավարտած, ուստի և խորհուրդներ տալու հակված ու դափնիների վրա ննջող թարգմանիչ: Միանգամից ասեմ, որ ոչ մի դափնի` գովաբանական գրախոսականներ, իրար հերթ չտվող հարցազրույցներ, մեդալ ու մրցանակ չեմ տեսել մինչ այսօր, եթե անտեսենք մեկ-երկու հեռուստա ու ռադիոհաղորդումները և այս ու այն գրող-թարգմանիչների սակավ գնահատանքը, որ ոչ լիաբերան հնչել է ամբիոններից ու լավ էլ մեծաբերան` սուրճի կամ կոնյակի բաժակի շուրջը նստած: Սա, իմիջիայլոց: Բայց որ գործ եմ արել, դա կա, և հիմա ուզում եմ խոսել արածիս դժվարություններից, քանի որ խելացին սեփական սխալներից է սովորում, իսկ ավելի խելացին` այլոց սխալներից: Հիմա ես խելացին եմ, դուք` ավելի խելացին:
         Խոսքս սահմանափակելու եմ թարգմանական երեք խնդրի մասին ձեզ համառոտ տեղեկացնելով, որոնց հաղթահարումը հնարավոր եղավ թե’ թարգմանաբանության իմ գիտելիքի գործնական կիրառությամբ, թե’ գրողական ներհայեցումի շնորհիվ: Ասածս անպայմանորեն մանրամասնելու եմ բնագրի և իմ թարգմանության զուգադիր ընթերցումով:
         Ու. Ֆոլքների ընթերցողը անպայմանորեն գիտի, որ նրա արձակը բանաստեղծականությամբ շնչող, այդ տեսակետից վարպետ կատարումով առանձնացող գրականություն է: Ուրեմն, թարգմանչի առջև ծառացած, գրեթե անհաղթահարելի թվացող այս խնդրի լուծումը, ՙՍարթորիս՚ վեպի հենց առաջին տողերից կարող էր կամ իսպառ հուսահատեցնել ինձ, կամ էլ համառորեն այն հաղթահարելու ճիգով օժտել: Խոստովանեմ, որ երիցս անիծել եմ ինձ այսչափ ու այսպես Ֆոլքներին սիրելուս, էլ չեմ ասում` գնահատելուս համար: Բայց եղածը եղած էր: Արձակի բանաստեղծականության պահպանման խնդիրը թարգմանվածքում գործ ունի միանգամից մի քանի տարրերի միաձույլ վերարտադրության հետ, որն է ռիթմի, բաղաձայնույթի և առձայնույթի, բառային և շարահյուսական ոճաստեղծ միջոցների համապատասխան կիրառությունը թարգմանող լեզվում: Մեջբերեմ մի հատված բնագրից և փորձեմ մեկ-մեկ բացբացել այդ հատվածի բանաստեղծական տարրերը ու թարգմանվածքի համապատասխան հատվածում, հիշողությունս փորփրելով և վերընթերցելով, վերականգնեմ ճիգիս արդյունքը:
         “As usual, old man Falls had brought John Sartoris into the room with him, had walked the three miles in from the county Poor Farm, fetching, like an odor, like the clean dusty smell of his faded overalls, the spirit of the dead man into that room where the dead man’s son sat and where the two of them, pauper and banker, would sit for a half an hour in the company of him who had passed beyond death and then returned.” (Faulkner 1964:19)
հմմտ.
         ՙԸստ սովորականի, ծերունի Ֆոլզն իր հետ սենյակ էր բերել Ջոն Սարթորիսին. Փուը Ֆարմից* մինչև այստեղ ոտքով երեք մղոն էր անցել` բերելով մեռյալի ոգին հանց բուրմունք, հանց իր խունացած արտահագուստի փոշոտ հոտը. մեռյալի ոգին էր բերել այդ սենյակը, ուր նստած էր մեռյալի որդին և ուր երկուսն էլ` մուրացիկն ու բանկիրը, կես ժամ նստելու էին նրա հետ, ով անցել էր մահից անդին ու այնուհետ` վերադարձել՚: (Ֆոլքներ 2000:9)
         Ընթերցելիս արդեն նկատելի է, որ, նույնիսկ, սովորական ընթերցումը ռիթմը ջրի երես է հանում, ուրեմն թարգմանիչը` գլուխը քորելով, թե պատը գլխին տալով, մի էդ տեսակ ռիթմ էլ ինքն է գտնում ու սազացնում թարգմանող լեզվին: Այսքանը ռիթմի մասին, որ ավելին ասելու պարագային նույնն է, թե բանաստեղծություն գրելուց ու ընթերցելուց բացի մի երկու տրակտատ էլ հորինես, որ ռիթմը ոչ միայն զգացվի, այլև գիտակցվի: Դրա փոխարեն ավելի լավ է կողք կողքի ևս մեկ անգամ ընթերցել բնագիրն ու թարգմանվածքը: Գանք բանաստեղծականության ստեղծման մյուս տարրերին: Անգլերենի քմային բաղաձայն հնչյունների` t, d, և th տառակապակցության համապատասխան ատամնային բաղաձայն հնչյունների կուտակումը բնագրի վերոբերյալ հատվածում, որ կոչվում է բաղաձայնույթ, նպատակ ունի մահվան և մեռյալի, մահվան հոտի և անդինազգացության տպավորիչ պատկեր ստեղծել: Եթե ընթերցող թարգմանիչն ընկալում է այդ պատկերը բնագրում, ուրեմն իր թարգմանվածքի ընթերցողը ևս պետք է այն զգա, որպեսզի թարգմանությունը միտվի համարժեքության: Հայերենում ս, զ, ց, ծ, ջ, ժ, չ, ձ ձայնեղ և խուլ բաղաձայնների կուտակումով փորձ է արվել ստեղծել համապատասխան զգացողությունը:
         Բանաստեղծականության ստեղծման մյուս տարրերն են բառային և շարահյուսական ոճային միջոցները: Բնագրում աչքի է զարնում փոխաբերական համեմատության երկակի կիրառությունը. “the spirit of the dead man…  like an odor, like the clean dusty smell of his faded overalls” –
ՙբերելով մեռյալի ոգին հանց բուրմունք, հանց իր խունացած արտահագուստի փոշոտ հոտը՚: Հայերենում պատկերի հուզականությունն ընդգծելու ավելի մեծ հնարավորություն է տալիս ՙհանց՚ բառի գործածությունը, քան ՙպես՚ կամ ՙնման՚ բառերը: ՙՀանցը՚ հայերենում օգնում է ակնհայտելու մեռյալի ներկայության հանդիսավորությունը: Հաջորդը շարահյուսական շատ տարածված ոճական հնարներն են` շրջուն շարադասությունը, որը զուգահեռվում է բառային և կառույցային հարակրկնություններով: Հատվածն սկսվում է “as usual” -  ՙըստ սովորականի՚ կառույցի նախադաս կիրառությամբ, որի գործառույթը տվյալ դեպքում ՙսովորականի՚ արտասովորությունն ի հայտ բերելն է, որը թարգմանվածքում իր վրա է վերցրել նաև ՙսովորականի պես՚ բառակապակցության մեջ շրջունություն ապահովելով` ՙըստ սովորականի՚, ավելացնելով պատումի ազդեցիկ շեշտադրումը: Հետևյալ բառային և կառույցային հարակրկնություններն են. “the spirit of the dead man into that room where the dead man’s son sat and where the two of them…” - ՙմեռյալի ոգին էր բերել այդ սենյակը, ուր նստած էր մեռյալի որդին և ուր երկուսն էլ…՚, որ ապահովում են ոչ միայն հատվածի ռիթմիկ մեղեդայնությունը, այլև տեսարանի վառ պատկերավորությունը:
         Երկրորդ թարգմանական դժվարությունը ստեղծվում է այնժամ, երբ առնչվում ես Ու. Ֆոլքների բառապաշարում իրակությունների ամենաբազմազան տեսակների առկայությանը: ՙՍարթորիսում՚ տարածված իրակություններն ընդգրկում են թե’ կենցաղային, քաղաքական, թե’ պատմական, բուսաբանական, կենդանաբանական և այլ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրի թարգմանական համարժեքը գտնելը պահանջում է նախ հանրագիտարանային աշխատանք, այսինքն, պեղել ու գտնել դրանց բացատրությունը, տվյալ դեպքում հասկանալ սոսկ ամերիկյան իրականությանը հարիր իրույթների էությունը, ապա փորձել ծանոթագրել դրանք կամ մեկ-երկու բառով նկարագրել տեքստում` կիրառելով իրակության վերարտադրության հնչյունադարձման եղանակը: Այդպես էլ արել եմ: Ասենք` “derringer” (31) բառը թարգմանվել է ՙդերինջեր՚ և թարգմանությունն ընթերցողին դրա մասին ավելի լավ պատկերացում տալու համար` ծանոթագրվել է. ՙԿարճափող, մեծ տրամաչափի գրպանի ատրճանակ, որ կոչվում է ստեղծողի անունով՚: (24) “A Mexican machete”-ն (87) թարգմանվել է ՙմեքսիկական մշեթի՚ (88), ապա ծանոթագրվել. ՙԼատինական Ամերիկայում գործածվող լայն, ծանր դանակ՚: (88)
         Ֆոլքներյան պատումն առանձնանում է ամերիկյան իր բնակատեղի ծիլ ու ծաղիկը, գել ու գազանը վարպետորեն մեջտեղ բերելով, որոնք շնչավորվում ու կենդանի սահում են աչքիդ առջևով, իսկ այդ ամենը թարգմանության մեջ այդչափ եռանդուն երևցնելու համար շատ հարմար է գալիս դրանց մասին տեղեկություններ հաղորդելու նկարագրական եղանակը: “Canna”-ն (74), որ թարգմանվածքում  ՙկաննա՚(74) է հնչյունադարձված, այնուհետև առավել է մտերմանում հոգուդ, երբ կարդում ես տողատակի ծանոթագրությունը. ՙԽոշոր, մուգ տերևներով և բաց դեղին, կարմիր, նարնջագույն ծաղիկներով բույս՚: (74) “Whippoorwills”-ը (128), որ կրկին հնչյունադարձումով է փոխադրվել թարգմանվածք` ՙուիփփուըուիլներ՚ (135), տարբեր կենդանաբանական հանրագիտարանների տեղեկությունները համադրելով, ծանոթագրությամբ ներկայացել է որպես ՙփոքրիկ ամերիկյան թռչուն, որի անունը գիշերը մթնշաղին արձակած իր իսկ ձայնի նմանակումն է՚: (135) “Cyarpet-baggers”–ը (35) հեղինակային պատումի մեջ թարգմանվել է ՙքարփիթբագերներ՚ (28), բառ, որը գրեթե ոչինչ չի ասում այդ մարդկանց մասին, սակայն միանգամից կարևորվում և հայեցակետ է ձևավորում, երբ ծանոթագրվում է մեկնաբանությամբ. ՙԱմերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին (1861-65) Ամերիկայի հյուսիսից հարավ գնացող մարդիկ, որոնք ֆինանսական ու քաղաքական շահ էին հետամտում՚: (28)     
         Այս խնդրին առնչվող առավել մանրամասն վերլուծություններ ու մեկնաբանություններ կարելի է կարդալ իմ երկու մենագրությունում և մի շարք հոդվածներում:
         Երրորդ թարգմանական դժվարությունը, որ բազմիցս իրեն զգացնել է տվել ՙՍարթորիս՚ վեպը թարգմանելիս, համատեքստային փոխարինիչներ գտնելն էր, որոնք ապահովելու էին այս կամ այն հատվածի թարգմանական համարժեքությունը, ինչպես նաև` ելնելով հերմենևտիկայի` մեկնարվեստի հիմնարար սկզբունքից, որն է. ՙԱմբողջը պատկերացում է տալիս հատվածի մասին, իսկ հատվածը` ամբողջի՚, ողջ թարգմանվածքը միտելով դեպի համարժեքություն: 
         Բառային համարժեքների տեսակներին ծանոթ թարգմանիչ-ընթերցողը գիտի, որ շատ ավելի դյուրին է հաստատուն և տարբերակային համարժեքների փնտրտուքում հաջողելը, որոնք այսպես թե այնպես, բառարանային ամրագրված արժեքներ են, քան ելնելով համատեքստից` չամրագրված համարժեքի որոնումը կամ, երբեմն, նույնիսկ, բառաստեղծումը: Բայց այս խնդիրն էլ հաղթահարելի է այնպես, ինչպես նախորդները:
         “The lace cascaded mellow and pale as spilled wine upon his hands…” (86)
հմմտ.
         ՙՆուրբ ու խունացած ժանյակը թափվում էր, ինչպես ձեռքին ցողված գինի՚: (87)
         Սկսեմ “mellow” բառի ամրագրված բառարանային վեց իմաստի ներկայացումից. ՙհյութեղ, հնացրած, բերրի, հնչուն, բարեհոգի, խմած՚, որոնց համադրումը ժանյակի հետ առնվազն ֆանտաստիկայի ժանրից է, սակայն այս նեղ համատեքստում տեղավորված հանճարեղ փոխաբերական համեմատությունը` “…as spilled wine upon his hands…” - ՙ…ինչպես ձեռքին ցողված գինի՚, գրող-թարգմանչին հուշում է, որ ժանյակը նույնքան նուրբ է, որքան ՙձեռքին ցողված գինին՚, ուստի թարգմանական ՙնուրբ՚ համարժեքն ինքն իրեն գալիս, հայտնվում է գրչիդ տակ, առավել ևս, որ “pale” բառն իր ՙգունատ, դալուկ, դժգույն, աղոտ՚ իմաստներով նույնպես վանվում է ՙժանյակից՚, ուստի ՙխունացածը՚ միանգամայն արդարացիորեն գալիս ու իր տեղն է գտնում ՙնուրբ ժանյակի՚ կողքին: Մնաց  “spilled wine upon his hands” արտահայտությունը, որը,  “spilled”-ի իմաստներից ելնելով, ՙհեղուկը շաղ տալ, ցրցողել, վայր ընկնել, թափել, ցանել, ցրել, վայր գցել՚, բոլորովին էլ չի հուշում, որ կարելի է որոնել մեկ այլ բառակապակցություն, քան ՙթափված գինին՚ է, բայց քանի որ ՙժանյակն՚ արդեն ՙթափվում՚ էր, ուստի, բնական է, որ թարգմանչի որոնածը միանգամայն այլ տեղ է տանում, ուր հայտնվում է ՙցողված գինին՚: Ահա այսպես գտնվեցին համատեքստային վերոբերյալ երեք համարժեքները, որոնց ծնունդը թարգմանության ընթացքում միշտ էլ աննկատ ու գիտականորեն անվերահսկելի է, որքան էլ միտքը եռանդուն գործի: Գրողի ներհայեցումն այստեղ ամենից օգտակարն է:
         “But that was November, the season of hazy, languorous days, when the first flush of autumn is over…” (240)
հմմտ.
         ՙՆոյեմբեր էր. միգապատ, նվաղուն օրերի մի շարան, երբ անցել էր աշնան առաջին բռնկումը…՚: (266)
 Սկսեմ նրանից, որ “languorous” ածականի բառարանային իմաստներն են ՙթույլ, տխուր, անշարժ, փափուկ, քնքուշ՚, բայց բանաստեղծական այս նկարագրության մեջ, որտեղ նոյեմբերյան օրը միգապատ է, միայն ՙտխուր՚ ածականն է, որ կարող է հավակնել իր տեղն ունենալ ՙմիգապատ օրվա՚ կողքին: ՙՏխուրը՚ չի ընտրվել, հիմա ենթադրում եմ, միայն այն պարզ պատճառով, որ անգլերենում կա “sad” չեզոք ոճի ածականը, մինչդեռ “languorous”–ը վերամբարձ ոճի, բանաստեղծականությամբ լեցուն բառ է, ու հենց դա էլ իմ միտքը տարել-հասցրել է ՙնվաղուն՚ բառի շեմը, որը սազական է այս հատվածում նկարագրված տարվա եղանակին` ուշ աշնանը, երբ օրերը ՙնվաղուն՚ են, քանի որ արդեն ՙանցել է աշնան առաջին բռնկումը՚, ՙիսկ ձմեռը դեռ թաքցնում է իր հմայքը՚:  
         Ամփոփեմ, թեպետ օրինակները բազում են և մի ծավալուն աշխատանքի նյութ կդառնան:
         Թարգմանությունը անհաղթահարելի թվացող դժվարությունների հաղթահարումն է, որ հավակնում է ետ կծկել գրողի կծկածը: