вторник, 27 августа 2013 г.

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳՈՎՔ ՊԼՈՒՏՈԿՐԱՏԻԱՅԻՆ

Պլուտոկրատիայում ամեն ինչ վաճառվում է. մարդ, հող, միտք, տուն-տեղ, գիրք,  աշխատատեղ: Ինձնից լավ գիտեք: Հայտնի է, որ մարմնավաճառությունը ծլում-ծաղկում է կամուրջների տակ, գրավաճառությունը, հայտնի չէ, ինչը ոնց ու որտեղ է անում, բայց որ անում է, էդ էլ է հայտնի: Հիմա ի՞նչ անենք, կրակն ենք ընկե՞լ, որ համ գրող ենք, համ էլ` պլուտոկրատների ենք դեմ ընկել: Գիրքդ գրում ես` մեկ, պետությունն աջակցում է, որ գիրքդ տպագրվի` երկու, հինգ հարյուր օրինակից քեզ բաժին է հանում իննսուն օրինակ` երեք, գլուխդ պատեպատելով` երկու տարում վաթսունը գրախանութը վաճառում է` վաճառքի մեկ երրորդը իրեն` հարկ ու շահույթ, երկու երրորդը` քեզ, լիուլի բոլ է, մի երեսունն էլ նվեր տուր, որ նվեր ստանաս գրչընկերներիցդ` չորս, մնացած չորս հարյուր տասը օրինակը` գրքահավաք կենտրոնին, որ երկու տարի հետո գնաս ասես` ա'յ բարեկամ, եկել եմ իմ գրքից մի հիսուն օրինակ գնեմ, որ տանեմ շրջանների գրադարաններին ու դպրոցներին նվիրեմ, ասի` հատին ութ հարյուր դրամ վճարիր, էս քսանհինգ օրինակն է մնացել, քսան հազար դրամ տուր, տար, բարով վայելես: Ու դու սուսուփուս վճարես, մի կերպ, թշնամանալով անդորրագիր պոկես, որ փրկագին ես վճարել առևանգված երեխեքիդ ետ առնելու համար` հինգ: Բա հիմա ես քեզ ի՞նչ խոսքով գովեմ,  իմ թառլան Պլուտոկրատիա:       

Комментариев нет:

Отправить комментарий