пятница, 23 августа 2013 г.

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՊԼՈՒՏՈԿՐԱՏԻԱ

Մի ծանոթ ունեմ, անունը` Պլուտոկրատ: Սկզբում, երբ ծանոթացանք, հոնքերս թռան ճակատիս, ու ժպտալով ասացի, որ անունը շատ եմ հավանել: Ժպտալով ասաց` ինձ էլ կհավանես: Անունը, իրոք, հավանել էի: Կարծում էի Պլուտոն մոլորակի պատվին են մարդուն էդպես հորջորջել, ու քանի որ Պլուտոնն ինձ համար սիրելի մոլորակ է, որովհետև Արեգակից հեռու-հեռու է, ամենահեռուն, իր համար մի կողքի ընկած ապրում է էլի, համ էլ իններոդն է, էլի′ իմ սիրածը, մտածեցի` երևի ինքն էլ է պլուտոն, մի անգամ էլ աչքիս պոչով նայեցի իր կողմն ու էլի ժպտացի: Ինքը նայեց ինձ, նայեց թևիս տակ խրած գրքերիս, գրիչի հետքերով մխտռած բլուզիս, կավճոտ մատներիս ու… չժպտաց: Հենց չժպտաց, մտածեցի` չէէէ~է, սրանից ի՞նչ մոլորակ, էս թզուկ Պլուտոնի եղունգն էլ չարժե, սա ավելի շատ հույների Պլուտոնին է հիշեցնում: Հա, նույն ինքը` անդրաշխարհի դռները հսկող Հադեսը, որ նորօրյա թաղ նայողների նման ինքն է սահմանում իր թագավորության օրենքները: Ինքն է հրամայում, թե իր Հունաստանի մեռյալները ոնց ապրեն իր շվաքում: Մի խոսքով, էս Պլուտոկրատը, որ չհավանեց գրչիս հետքերը բլուզիս թևքին, կավճոտ մատներս, որ մազս ուղղելիս, ճակատս խարանեցին, թևիս տակ խցկած գրքերս, որ հին էին ու նոր, խառը, մի մազ անգամ ինձ չհավանեց, հիմա եմ գլխի ընկնում, որ էս Պլուտոկրատը ոչ էլ հույների Պլուտոնին է հիշեցնում: Նա հենց ինքն է որ կա, պլուտոկրատը` քսակ իշխանը, որ բադիկ-բադիկ ճեմում է իր պլուտոկրատիայում:     





Комментариев нет:

Отправить комментарий