четверг, 4 июля 2013 г.

ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՅՈՒՐՆ Է ԱՐՁԱԿԱԳԻՐ, ԹԱՐԳՄԱՆԻՉ ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Նոյեմբերի 11-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործող հայկական կիրակնօրյա դպրոցի սրահում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի հետ:
Ավստրիայի դեսպանատան երաշխավորությամբ 2011 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը հայասատանաբնակ Դիանա Համբարձումյանը հրավիրվել է Վիեննա` որպես §գրող-բնակիչ¦` գրելու իր նոր գիրքը, որի հիմքում հայի ինքնությունն է, իսկ իրադարձությունների տեղն ու ժամանակը` Հայոց պատմության հեռուն ու մոտը, Ձիավորը, Եկվորն ու Կինը Հայոց հողում, եվրոպական խաչուղիներում, մեծ Դարձի ճանապարհին:
Հանդիպումը բացեց Վիեննայի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Թամրազյանը, ով ներկայացրեց տիկին Համբարձումյանին թե’ որպես հայ ժամանակակից գրականության ճանաչված դեմքերից մեկը (5 գրքի` պատմվածքների ժողովածուների, վիպակների ու վեպի հեղինակ, 5 գրքի թարգմանիչ, ում ստեղծագործությունները թարգմանվել են 10 լեզվով, գրախոսվել հայրենի ու օտարալեզու մամուլում), թե’ որպես վաստակաշատ գիտնականի (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ երեսուն տարվա դասախոս, մենագրությունների, բուհական դասագրքերի հեղինակ):
Ներկաները, որոնց թվում կային Վիեննայի հայ համայնքի անվանի մտավորականներ, հրավիրյալ հյուրեր, քաղաքական ու հոգևոր դասի այրեր, սիրով զրույցի բռնվեցին տիկին Համբարձումյանի հետ` բարձրացնելով արդիական մի շարք խնդիրներ, որոնք հուզում են երկուստեք` Հայաստանի ու սփյուռքի հայությանը: Դիանա Համբարձումյանն իր խոսքն ամփոփեց` մաղթելով իր ժողովրդին սեր երկրի ու պետության հանդեպ, իսկ երկրի ղեկավար ու քաղաքական այրերին` փոխըմբռնում,  ազգապահպան, մարդակենտրոն քաղաքականություն վարելու կամք ու կարողություն, սփյուռքի հայությանը` §Մարդու լեզուն մարդու հայրենիքն է¦ սկզբունքով առաջնորդվելու անհրաժեշտության գիտակցություն:

Հյուրերը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Դիանա Համբարձումյանի գրքերի հանդեպ` զանազան հարցեր ուղղելով հեղինակին` սկսած բառի հետ նրա աշխատանքի յուրահատկությունից մինչև գեղարվեստականացման ձևերն ու հասարակական հնչողության խնդիրները գեղարվեստական ստեղծագործության նյութ դարձնելու նրա գործածած հնարները: Դիանա Համբարձումյանն իր խոսքում ընդգծեց, որ գրողը չի կարող անտարբեր լինել իր ժողովրդին պատուհասած դժվարությունների ու դժբախտությունների հանդեպ, չի կարող դրանք հաղթահարելու ուղիների որոնման մեջ իր մասնակցությունը չունենալ, որ գրողի խնդիրը սթափության կոչնակ հնչեցնելն է, որ երկրի ու ժողովրդի բացերը ցուցանելը հայրենիքի հանդեպ ճշմարիտ սիրո վկայությունն է, իսկ ընթերցողի գնահատանքը երբեք չի ուշանում:

Комментариев нет:

Отправить комментарий