понедельник, 19 марта 2012 г.

ՔԱՇԻ'Ր ՁԳԱՆԸ

Կոկորդում մնացած փշի պես նա ոչ կուլ էր գնում շրջապատի` հարայհրոցով ազդարարվող գովասանքներին, ոչ էլ դեն նետվում մոտակա աղբանոցը` իբրև ետճաշյա աղանդերի փոխարեն մատուցվող նեխած ապուխտ:
Երբ տեսնեիր, միշտ նույն անգույն դեմքն էր, կամ որ միևնույնն է` անդեմ մաշկագույնը, նույն հայացքի հոգնությունն էր և նույն բռնցքած ձեռքերը, որոնք կարծես անժամկետ վարձել էր անշարժ գույքի գործակալությունից: Հենց այդ ձեռքերն էլ առիթ դարձան, որ Անթառամն իր անզգույշ պահվածքը ծանրութեթև անի, խոսքը հինգ հազար անգամ չափի ու ոչ մի անգամ չկտրի, երբ գործը հասնում էր մտքինը քողազերծելուն: Ինձ թվում է` մի հիշարժան օր նա անպայման կկարողանա բացել ափերի մեջ խրված եղունգների այդ փականը, և գուցե այնժամ աղետն անխուսափելի լինի այնպես, ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ ելքը` ղարաբաղցիների համար: Զգում եմ, չէ’, գիտեմ, որ մարդկային հոգու պատմությունն ինձ չի ներելու գաղտնիքները փորփրելու անհեռատեսությունս ու այլոց ծոցատետրերին սիրահարվածի տենդս: Մարդու իրավունքների ինչպիսի~ խախտում: Ի՞նչ անեմ. դիմեք մարդու իրավունքների պաշտպանի անթափուր աթոռին: Ես զենքերս վայր դնողը չեմ. իմ գործն էլ սա է, հո գործազուրկ չե±ք թողնելու:
Պարզվեց, որ Հոգնած Բռնցքամարտիկը, Անթառամը հենց նոր նրան այսպես կնքեց, նույնպես դեմ չէր անհավասար մարտում Անթառամին պարտության մատնել առաջին իսկ ռաունդում (մենք մեզնից թույլերին ճնշելու և ցնծագին հաղթանակ տոնելու անասելի վարպետ ենք, չէ՞): Ասում եմ ՙանհավասար մարտ՚, քանի որ դեռ չգիտենք, թե ինչ է թաքնված նրա բռունցքներում, որը, շատ հավանական է` աչք կուրացնող ինչ-որ փոշի լինի, որ ցանում են հակառակորդի դեմքին` թոզ ու դումանի տակ թաքցնելով իրենց ճկլեզությունը, կամ ավելի հավանական է` մի սուր մախաթ լինի, որն աճպարարությամբ հայտնվում է մատների արանքում և աննկատ իր չար գործն ավարտում դիմացինի սրտի ձախ փորոքում, կամ, որ քիչ հավանական է, բայց դե ՙինչե~ր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված՚, ծալծլված թուղթուգիր լինի, որ անուշադրի սպիրտի պես պահում են քթիդ տակ` ուղեղիդ որոշ կետեր միանգամից ախտահարելու նենգ նպատակով, կամ երեսաթափ մեկից ուժով խլված դիմակ լինի, որ աչքդ են խոթում` սարսափ ֆիլմից փախած հրեշի նման լեղիդ ճաքեցնելու` ՙվերին գաղափարին՚ հպատակ:
Իմ այս բանդագուշանքը նորօրյա Կիկոսի եղերերգ է հիշեցնում, բայց դե անչափ հմայիչ է դասականներից ազդվելու գայթակղությունը: Մի անգամ էլ ես ծուղակն ընկնեմ:
Եվ ուրեմն, մինչ ես տարված էի Հոգնածի հետագա գործելաոճի տարատեսակ բացահայտումներով, որպեսզի կանխազգայի նաև Անթառամի քոթոթանման քայլերի զիգզագային մոտեցումը, Հայոց Ազգային Ժողովն օրենք ընդունեց` պաշտպանելու այլադավանների, այլասեռահակների և այլմոլորակայինների շահերը, այնպես որ ես զրկվել եմ ազատ գործելու իմ մշտական` նախա ու ետխորհրդային, նախա ու ետհամազգային ժամանակների ընձեռած անգնահատելի հնարավորությունից. իրավունք չունեմ թուրս ճոճել Հրազդանի կիրճում խրախճացող սատանապաշտների դեմ, ոչ մի իրավունք մտրակս թափահարելու և սթափեցնելու արուներին կամ էգերին` նրանց ետ պահելով հակակենդանական բնազդների էյֆորիկ ցուցադրումից, առավել ևս իրավունք չունեմ չերկրպագել կիկլոպանման այլմոլորակայինների համընդհանուր գոյությանը, կամ որ միևնույնն է` ազգի մեկուսի վախճանի սարսափազդու միֆին, որն այլասեր ստրկամտության գրավականն է: Օհո~, այստեղ են ասել` ՙբանը հասավ դիվան բաշուն՚: Այսպես տաք-տաք ճառախոսում էի մտքումս` մի պահ ինձ պատկերացնելով Բարձր Դռան մատույցներում, երբ հանկարծ դեմս կտրեցին Բռնցքամարտիկն ու Անթառամը, ամեն մեկն իր անկյունից` իր ՙճիշտը՚ գրկած ու առաջ պարզած: Ես անմիջապես ուշադրություն դարձրի Բռնցքամարտիկի` իր ՙճշտի՚ վրա թառած բռունցքներին, որոնք նույնիսկ այդպիսի անգնահատելի բեռան վրա իջնելիս էլ չէին փափկել, դույզն-ինչ չէին մեղմացել, էլ ուր մնաց, թե բացվելու նշաններ ցույց տային: Ըհը’, ասում եք. բա որ այս կանդալափակ բռունցքի մեջ Եհովայի վկայի շքանշան լինի՞, կամ մատների արանքում ՙպիրսինգի՚ օղանցքային պսպղիկներ փայլե՞ն, բա որ սրա ՙճիշտը՚ մերված լինի համաշխարհային մաֆիայի գործակալությա±նը, ես ո±նց եմ պայքարելու սրա դեմ: Չպայքարե՞մ: Ասելը հեշտ է. բա ինձ նման ընչազուրկ ՙմասսան՚ իր գոյությունն ինչպե±ս պահպանի` առանց օրվա հացի փող աշխատելու, իսկ որ մի բանի դեմ պայքարում ես, համ գոյությունդ է արդարացվում, համ էլ մի թուլաբաժին նետում են քթիդ, թե` ա’ռ, ձենդ կտրի, կամ էլ` ա’ռ, ձենդ գլուխդ գցի:
ՙԹաքնված թշնամուց վտանգավոր մեկ էլ պառաված կույսն է՚, - մեր առաջին հանդիպման ժամանակ ասել էր ժողովրդի հարազատ զավակ Հոգնած Բռնցքամարտիկը, իսկ ժողովուրդը, մինչև ծուխը չտեսնի, կրակի գոյությունը չի կռահի: Հոգնածը Քաղաքում հայտնի է ոչ միայն իր դիպուկ ասույթներով, թրի պես կտրող ճարտար լեզվով, այլև թափառական շներից շատ վխտացող Կնքահայրերի քսակները, որպես թիրախ, դիպուկ կարկտահարելով: Մի զարմանալի նմանությամբ բոլոր Կնքահայրերը միայն պատիվ են համարում Հոգնածի ձեռքսեղմումը, թեպետ ամեն անգամ գլուխները թափահարելով ու անհանգիստ ծպպացնելով` նկատում են, որ այն ոչ թե սովորական, տղամարդավարի ձեռքսեղմում է, այլ կռվազան բռնցքահարում: Նկատում են, բայց միևնույնն է, չեն զայրանում և նույնիսկ չեն էլ ափսոսում, որ իրենց տռուզ գրպանները մի փոքր սմքում են այդ հանդիպումների կարճ միջոցին: Քաղաքը նայում, տեսնում է, և այդ հանելուկն առավել գրավիչ է դարձնում Հոգնածի կերպարը: Իսկ հանելուկ, որպես այդպիսին, որպես դարի մի մեծ գլուխկոտրուկ, այստեղ ամենևին էլ չկա, այդ դիմակահանդեսը միայն Քաղաքի համար է, որ մարդիկ ասեն-խոսեն, ծանրութեթև անեն ու անպայման թացը չորից ջոկեն, իսկ հետո գլուխ գովեն. ՙԲա գիտե±ս մեր Հոգնածին երեկ ով էր պատիվ տալիս` Քուչի Տռզոն, բա ո~նց, մեր Հոգնածը լավ տղերքի մաման ո~նց է լացացնում, ու գիտե՞ս` ինչո՞վ, իր ՙճշտով՚, մեր Հոգնածի ՙճիշտը՚, որ իմ ու քո ՙճիշտն՚ է, էդ թուլեքի հախից ո~նց է գալիս…՚: Սակայն, ավա~ղ, այս ամենը միայն երևացող կողմն էր, թե որ դիմակները հանեին, Հոգնածն իր ողջ մերկությամբ կշողացներ զզվանքն ու արհամարհանքը Կնքահայրերի հանդեպ, իսկ նրանք իրենց հերթին կթքոտեին ու հայհոյելով կխաչեին ՙՀիսուսի բճին՚: Բայց դե ըստ պատշաճի միմյանց ձեռք էին սեղմում. Հոգնածը, որպեսզի իր այսերկրային գոյությունը գետնամած քարշ չտա, այլ փոքրիշատե մարդավայել ապրի, որ վաղը-մյուս օրն էլ մարդավայել մեռնի ու թաղվի, Կնքահայրերը, որպեսզի ուտող-խմողների ու մսխողների հոծ բանակի մեջ գոնե մի ուտող, բայց չուրացող լինի, որ վաղը-մյուս օր, երբ իրենց փողերին հուշարձան կանգնենցնեն, գոնե մեկը չզլանա մի շիտակ ու արժան խոսք ասել իրենց արածի պատվին, թե չէ դուդուկի տակ պարողներ` որքա~ն ասես:
- Թույլ տվեք կրկին ներկայանալ, - գլուխը թեթև հակելով ու գոտկատեղից փոքր-ինչ ծռվելով` թմբկաթաղանթս խտղտացրեց Հոգնածը, - Նախավերջին Մոհիկան:
Ես հազիվ զսպեցի ծիծաղս, որպեսզի չմատնեմ հրճվանքս: Անթառամն ակնդետ նայում էր իմ հևացող կրծքին ու կարծես դաս տալիս. ՙԱսում են` շատ հրճվելիս էլ են գրգռվում, ընկերուհի’, իսկ լիարժեք սեքսը հակացուցված է բարձր լեռնային շրջաններում բնակվող բարեպաշտ կանանց, ու քանի որ տեղանքը չհանգած հրաբուխների գոտի է, չի բացառվում, որ մի չնչին կայծից սոդոմ-գոմոր սկսվի, քեզ հավաք պահիր, ընկերուհի’՚: Հոգնածը, որն հավանաբար, Կնքահայրերի հաշվին նոր գցած ատամնապրոթեզի տակ ինչ-որ ուրիշ համ էր զգացել` քլորաջրի ու յոդացված սպիրտի կծվությունից զատ, հիմա փորձում էր թուքը կուլ տալով համոզվել, որ զգացածը խաբկանք չէ: Մինչդեռ Անթառամը, որն իր ՙճիշտը՚ գրկած, մի այլ անկյունից էր մեզ մոտեցել, այդ տեսարանն իր համար խաղացված համարելով, այնուամենայնիվ, ժողովեց քաջությունը և կարելվույն չափ լրջմիտ պատասխանեց.
- Շատ ուրախ եմ, Վերջին Մոհիկանուհի:
Հոգնածը տխուր նայեց ինձ, ապա ճարը կտրած` շրջվեց իրեն անխնա ցուցադրող Անթառամի կողմն ու գլուխը տմբտմբացրեց.
- Իսկ ես Ձեզ համար անուն եմ մոգոնել` Անթառամ Սիրուհի: - Ասաց, բռունցքներն ավելի սեղմեց` կարծես զգուշանալով, որ այնտեղից դուրս կգա անթույլատրելի ու անկառավարելի մի բան, և իրեն բանտ կնետեն կամ լավագույն (գուցե վատթարագույն) դեպքում` կարտաքսեն այն Քաղաքից, որտեղ դժոխքի թոհուբոհի միջով անցնելով` մարդ էր դարձել, և նույնիսկ Կնքահայրերն անկարող կլինեն դավադրության դեմն առնել, բռունցքները քար դարձրեց, որ գոնե մեկ անգամ Մարգարեն գնահատվի իր Քաղաքում:
Այս անգամ ծիծաղի փոխարեն լացս եկավ. ՙԷ~հ, էս ի՞նչ է ասում` անթառա~մ…, սիրուհի~…, բա ո~նց, թան էլ չէ` բրդած մածուն, ախորժակդ տեղն է, Հոգնած ջան, հեչ կասե՞ս` ՙբաղերումեն բեզարիլ իմ՚, իսկ ես կարծում էի` էս անիրավ աշխարհի դեմ կռվելուց հոգնած ու պարտված զինվոր ես, դու մի ասա` հաղթելու մարմաջով տառապող գեներալ ես քեզ կարծում, որ դեռ նվաճելու ու մի բան էլ կործանելու կամք ու կարողություն ունի: Մի սրա հունարին տես, դե’, քեզ տեսնեմ, Անթառա’մ Սիրուհի, սրա պորտը տեղը դիր՚:
Լացս նույնպես զսպեցի, որ ավելորդ խաղաքարտեր չբացեմ վճռորոշ ճակատամարտից առաջ, որին ամբողջ կյանքում սրթսրթալով սպասել էի, ու ինձ հասանելիք տեղը կամովին զիջելով Անթառամին` արտաքուստ խաղաղ բարձրաձայնեցի.
- Բրավո~, Նախավերջին ու Վերջին, դուք իրար արժանի եք, առանց իրար` դուք կիսատ-պռատ եք, իսկ ահա միասին` մի լավ ամբողջություն եք, միմյանց շարունակություն, ամեն բան կանխորոշված է, դե’, չընդդիմանաք, այլապես խաղը կանհամանա:
Գնդլիկ-բոքոնիկ Անթառամը, անտեսելով խաղաղասիրական կոչս, կռվարար ամբարտավանությամբ ինձ շամփրելով, թեքվեց դեպի Նախավերջին Մոհիկանն ու վրա տվեց.
- Ճիշտն ասած` ես էլ էի Ձեզ համար անուն մոգոնել` Հոգնած Բռնցքամարտիկ, բայց հիմա տեսնում եմ` դա այնքան էլ չի համապատասխանում Ձեր էությանը: Դուք ամենևին հոգնած չեք, ընդհակառակը, անդադար փնտրտուքի մեջ եք, Դուք արդարության ջատագովն եք, Ձեզ կարծես իմ ծննդյան օրից եմ ճանաչում, և այս ընկերուհին, թեպետ նրա ներկայությունը տանել չեմ կարող, ճիշտ է ասում` մենք երկվորյակ ենք…
Անթառամի խոսքը բերանում կիսատ մնաց, երբ նկատեց, որ Հոգնած Բռնցքամարտիկի ափերը կամաց-կամաց տեղի են տալիս, բայց այնքան վախվորած ու զգուշորեն, որ միայն Անթառամի փորձառու աչքին էր տեսանելի, ու մեկ էլ ինձ` ՙմասսաների՚ ներկայացուցչիս: Չզղջալով նախահարձակ լինելու համար` Անթառամ Սիրուհին վերստին ոտքը պնդացրեց երեք անգամ կարկատած կոշիկում, որը, եթե լեզու ունենար, անպայման մի եռահարկ հայհոյանք կտար թե’ կոշկակարի քոռ մախաթին` իր մարմինն անտեղի այդքան ծակծկելու համար, թե’ խլվլան Անթառամին, որը տոգորված էր անսպառ եռանդով, սակայն այդպես էլ զրկված լինելով այն պարպելու հնարավորությունից, իր նման կոշիկների հախից էր գալիս:
Հետո ասում եք` սեռական էներգիան կարող է հրաշքներ գործել, եթե ուղղորդվի ո’չ իր բնական հունով, այլ ասենք` դեպի մարդասիրական-բարեգործական մի բեմականացում կամ արարման միստիկ առեղծվածի բացբացում: Հապա ի±նչ անի այդ էներգիան մեր Անթառամ Սիրուհին, եթե ձեռքի տակ (ավելի ճիշտ` ոտքի տակ) միայն եռակարկատ կոշիկն է ու իր ՙճշտի՚ վրա անգամ բռունցքներն իջեցրած Հոգնածը: Թող ոտքը կոշիկի մեջ պնդացնի, ոտքին տեղ անի ու Հոգնածի բռունցքը բացի, որ տեսնենք` որն է մեր օրերի սովորական տղամարդու վերջնանպատակը:

Նախավերջին Մոհիկանը ընթրիքից հետո, որ մի բաժակ պղտոր ու
անշաքար թեյ էր, ու նախաճաշից առաջ, որ մի գավաթ անհամ ու դառը սուրճ էր, իր ներսի բոլոր լույսերը մարեց, ձեռքը խփեց սեղանին` իբրև տղամարդկության մի վերջին վկայություն, թքեց բարո-անբարոների ձևապաշտության վրա ու որոշեց գլուխը պատով տալ կամ պատը` գլխին, միայն թե իրենից չկորզեն իր ՙճիշտը՚, որն այնպիսի գերմարդկային ճիգով պահում-պահպանում էր կապարե բռունցքների տակ: Չե՞ք հավատում, որ բռունցքը կարող է կապարից լինել. ուրեմն պատկերացրեք, որ միս ու ոսկորից է ու փորձեք ձեզ հայտնի հնարներով բացել այն, տեսնենք` ինչ դուրս կգա: Ասեմ, որ ձեզ կմիանա նաև Անթառամ Սիրուհին` բռունցքներ բացելու իր անգնահատելի հմտությամբ: Նրա մոգությանը ոչ քար կդիմանա, ոչ` երկաթ: Պատմում են, որ այն օրվանից, երբ Անթառամի աչքն ընկավ Հոգնածի` կամաց-կամաց տեղի տվող բռունցքներին, նա քուն ու դադար չունի, բան ու գործ թողած` ելումուտեր է փնտրում. մեկ տապարով է փորձում ճեղքել փականը, մեկ քլունգն առած` հարձակվում է անդրդվելի պատնեշի վրա, մեկ էլ տեսնում ես` փափկում է, դառնում բամբակ, կարծես կյանքի նպատակը մի ցավոտ վերք փակելն է, ու ոչ թե կապարե մագիլներով ապառաժի մեջ խրված բռունցք բացելը:
Եթե թիկունքից լուսանկարենք Բռնցքամարտիկին, ապա պատկերում կհայտնվի մի շատ սովորական սևամազ գլուխ, որը ոչ մեծ է, ոչ պստիկ, փոքր-ինչ կորացած ողնաշար, բարակ մեջքի շարունակության մեջ ոչնչով աչքի չընկնող նստատեղ ու ճիպոտանման ոտքեր, որոնց վրա կախված անդրավարտիքի փողքերն այնպես են ոլորվել, կարծես գլխահակ դրոշի պաստառներ լինեն: Բայց Անթառամն այդքանով բավարարվողը չի, նրան հարկավոր է Հոգնածի ամբողջական պատկերը, այսինքն` աջ կիսադեմը, ձախ կիսադեմը, en face ճակատայինն ու անգամ ՙխոշոր պլանով՚ երևացող դիմագծերը: Ահա’ դրանք. քթարմատի երկու կողմում իրարից ոչ հեռու փոսերն ընկած ածխասև աչքեր, սուր ու երկար, սապատավոր քիթ, լայնաբաց ռունգներից դեպի բերանի ծայրերը ձգվող խոր կնճիռների երկու ակոս, վերին շրթունքին բազմած, սևին տվող ընչացք, իրար վրա պինդ նստած շրթունքների բարալիկ մի ջրբաժան ու եռանկյունաձև ծնոտի տակ կախված մաշկ, որ դուրս ցցված ադամախնձորի վերուվարումից մեկ անհետանում, մեկ էլ դատարկ պարկի պես հայտնվում է տանձի կոթ հիշեցնող վզի վրա: Ուսերը նեղ են, կուրծքը` կարծես թոքախտային հյուծումից ներս ընկած, գոտկատեղից ներքև` ոչ մի հիշարժան տեսարան: Սովորական տղամարդու արտաքին է, ոչնչով չես զարմացնի, բայց ահա բռունցքնե~րը…
Անթառամը գոհ է իր ձեռքբերումից. լուսանկարը մոտեցնում է քթին, հոտոտում, կարծես փորձում է նաև մարմնից ելնող գոլից գուշակել, թե որքան քրտինք պիտի թափի այդ պնդաճակատ կապարե բռունցքները բացելու համար, քանի որ կանանց մի ամբողջ կաճառ ու նրանց քմահաճույքներին զինվորագրված տղամարդկանց մի ստվար ամբոխ սրտատրոփ սպասում են դրանցում թաքնված գաղտնիքի բացահայտմանը: Բոլորի մտքում միևնույն հարցն է մլուլվում. տեսնես ո±րն է սրա ՙճիշտը՚, որ այսպես բռնցքել է ու անգամ առել բռունցքների տակ: Մի բան միայն անհասկանալի էր. ինչո՞ւ էին իրարից այդքան տարբեր, գրեթե օտար այդ մարդիկ այդչափ շահագրգիռ պարզելու առեղծվածը: Մի՞թե դրանից ինչ-որ բան կփոխվի, մի՞թե բոլորին միավորողն այդ ՙճշտի՚ իմացությունն է, հետո՞, որ իմացան` ի՞նչ, դրանից Վարոսի ծակ գրպանում այլևս քամի չի՞ խաղա, թե՞ Վարոսի կնոջ` լվացքափոշուց ու կեղտաջրերից քրքրված, ուռած ու կապտած ձեռքերը միանգամից կմտնեն փափկասուն տիկնոջ սպիտակաթույր ձեռնոցների մեջ, դրանից գործազուրկ Արտուշի բեղ-մորուքը կթափվի±, որ խեղճը կարողանա կարճ փեշ հագնել ու բավարարել ժամանակակից գործատուների առաջնային պայմանը. ՙ…թափուր տեղի համար պահանջվում է մինչև 25 տարեկան, բարետես արտաքինով, հմայիչ ժպիտով…՚, անկեղծ ասած, եթե մի հրաշքով Արտուշի բեղ-մորուքը թափվի, նա խոստացել է վիրաբուժական միջամտությամբ ազատվել նաև այն տարբերակիչ առանձնահատկությունից, որի պատճառով կարող է զրկվել քարտուղարուհու կամ վաճառողուհու գայթակղիչ աշխատանքից: Դե, հավանաբար, ինչ-որ բան կփոխվի, եթե ամենքն այդքան սպանում են իրենց` Հոգնած Բռնցքամարտիկի ՙճիշտը՚ իմանալու համար, չի բացառվում, որ այն համընկնի նաև իրենց ՙճշտին՚:
Դե, մեր Հոգնածն էլ, որքան թոքերում ուժ կար ու կոկորդում ձայն, իրեն հավաքեց ու այնպես բղավեց իր ՙճշտին՚ աչք դրածների ու կասկածամիտների վրա, որ յոթգլխանի հրեշի ոռնոցը չէր համարձակվի համեմատվել նրա վայնասունի հետ: Ու չնայած Անթառամը մանկուց լսել էր, որ ՙծրտոտ թաթերով աքլորը խալիչի վրա աննկատ չի քայլի՚, բայց և այնպես, ահուդողն ընկավ սիրտը. ՙՉլինի± էս մեր պարոնի մտքինն ուրիշ է, բա որ մի հմուտ որոգայթ լարած լինի, ես դրանից ո±նց եմ պրծնելու, տեսնես էս ինչի± է ձայնը գլուխը գցել՚: Ու քանի որ գնդլիկ-բոքոնիկ Անթառամը, ինչքան գետնի երեսին, այնքան էլ գետնի տակին էր, ուստի իր ՙճիշտը՚ պինդ սեղմեց փարթամորեն աճած տաքուկ կրծքերին` շատ լավ հասկանալով, որ այլ տեղերին դեմ տալիս նույն տպավորությունը չէր թողնի, և նույնիսկ վտանգ կար, որ իրեն ՙսխալ կհանեին՚, ու սկսեց անքթիթ նայել Հոգնածի` ուժասպառությունից բացվելու պատրաստ բռունցքներին, որպեսզի պայթյունավտանգ լուրն առաջինը տաներ-հասցներ Քաղաքին ու աշխարհով մեկ աներ: Իսկ Հոգնածը դեռ դիմադրում էր, դեռ ամբողջ ուժով սեղմել էր ո’չ միայն բռունցքները, այլև ատամները, որպեսզի ներսում ահագնացող վիշապային բողոքը դուրս չժայթքեր ու չկործաներ մինչ այդ կառուցած օդեղեն ամրոցները, որոնցով միաժամանակ հիանում էին թե’ ծակգրպան Վարոսն ու գործազուրկ Արտուշը, թե’ Քաղաքի Կնքահայրերը (հետո± ինչ, որ այս Կնքահայրերը հիմա զինվորագրված են Ընտանիքին, սրանք էլ մի ժամանակ երեխա են եղել, մոր փեշից քաշել ու ՙշաքարաքլոր՚ են ուզել, իսկ հետո պստիկ բերանները պատռելով` մինչև կոթունը լպստել ու աչքները շողշողացրել են հաճույքից): Շատ անհավասար պայքարի ընթացքում Անթառամ Սիրուհին այնքան համառորեն էր հսկել Մոհիկանի ամեն մի մկանի շարժումը, որ հոգնաբեկ` գլուխը դրել էր կրծքին սեղմած իր ՙճշտին՚ ու ննջել: Այդ տեսնելով` Մոհիկանը, քանի որ Նախավերջինն էր, որոշեց թղթի մի կտորի վրա խզբզել իր կամքը, որպեսզի հետնորդը գոնե հասցներ ժամանակին անել այն, ինչ ինքը չհամարձակվեց անել երկար ու ձիգ, հոգեմաշ կյանքի տարիներին և միայն վերջերս գլխի ընկավ` ինչով պետք է ավարտել այդ ողջ զավեշտախաղը, որտեղ ինքը փայլուն էր կատարել խեղկատակի դերը: Բայց հենց ուզեց գրիչ վերցնել, հասկացավ, որ բռունցքները պետք է բացի, քանի որ գաղտնիքն այլևս անիմաստ կլիներ թաքցնել: Մի բան, որ թղթին հանձնեցիր, էլ ի՞նչ գաղտնիք: Եվ Հոգնածը ճարահատ` հպատակվեց ճակատագրի չար կատակին` ընտրի’ր. կամ գրիչդ, կամ գաղտնիքդ: Ու ընտրեց: Վերցրեց գրիչն ու գրեց. ՙՔաշի’ր ձգանը, քեզ թաղելու են Կնքահայրերը՚: Եվ մի ուշացած ճայթյուն լսվեց:
Ես, որ ընդհատակ անցել ու համբերատար սպասում էի իմ հերթին, այդ ժամին շատ հեռու էի` Մոհիկանի գաղտնիքին հասու լինելու համար, սակայն գիշերվա կեսին արթնացա մի խուլ բամփյունից, որն իրապաշտորեն վերագրեցի հորդառատ անձրևին ուղեկցող ամպրոպ-որոտին, բայց հենց նույն պահին էլ ներսիս ունկնդիր` մի ձայն լսեցի, որ մարմինս սագամաշկով պատեց: Հոգնածի գրչի ճանկռտոցն էր, ու տառ-տառ կարդացի. ՙՔաշի’ր ձգանը…՚: Միտքս պայծառացավ. ՙԻ’նձ է կտակված, Վերջինը ես եմ՚:
Այս ամբողջ պատմության մեջ ամենատխուրն այն է, որ Անթառամ Սիրուհին ձեռնունայն մնաց, մեն-մենակ` իր կարկատած կոշիկների հետ, որոնց հախից հիմա ավելի կատաղորեն է գալիս. ճակատագրական այն պահին, երբ քողազերծվեց գաղտնիքը, նա մուշ-մուշ քնած էր իր երազների անկողնում, ու հետագայում չէր կարող գլուխ գովել, թե իր մոգությունն ամենազոր է: Քաղաքը խոր հիասթափություն ապրեց, նա բոլորովին այլ վերջաբան էր սպասում, ուրիշ մի բան, բայց ո’չ երբեք ինքնասպանության օրինակ ու ձգանի կոչ: Իսկ ես մեռնելու չափ տրտմեցի. տանուլ էի տվել մի հրաշք ճակատամարտ, որն այդպես էլ տեղի չունեցավ:
Գրական թերթ, 2006
Կամար, Բեյրութ, 2006

Комментариев нет:

Отправить комментарий