среда, 21 марта 2012 г.

ՍՈՒՊԵՐՄՈԴԵՌՆ ՀԱՅ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ


Այդ օրը փակ շուկայից ձուկ գնեցի ու, քանի որ էժանին վազեցի, հոտած ձուկ դուրս եկավ: Քանի որ ձուկը հոտած էր, Մաշտոցի պողոտայով մինչև Մատենադարան հասնելս քանի անգամ սրտխառնուք զգացի և տագնապով շուրջս աչք ածեցի` հասարակական պետքարան գտնելու ակնկալությամբ, ործկալիս` հարգարժան քաղաքացիների ընթրիքի ախորժակը չփակելու մարդասիրական մտադրությամբ: Ո՞ւմ էի մի կտոր հաց տվել, որ մշուշված աչքերիս դիմաց փրկարար փարոսի պես հայտնվեց մարդաբոյ մի սյուն, որի գլխին տնկված սև սլաքով ցուցանակը երջանկացնելու պես գուժում էր` ահա’, կողքիդ է: Համարձակորեն ներխուժիր և բոլոր պետքերդ մեկընդմիշտ հոգա. որոնածդ պատմվածքն էլ այնտեղ է: Թող աչքիցդ ոչինչ չսպրդի, ամեն աղտեղություն տեղը տեղին հրամցրու բարկ համեմունքի կարոտ ընթերցողին: Փա~ռք, մրցանա~կ, հուշարձան-կոթո~ղ. ինչ ասես` կապահովես:
Աղիներս անտանելի գալարվում էին, ուր որ է` հաստ աղիքս հրաժարվելու էր ինձ ենթարկվել, երբ կուչուձիգ անելով, ոտքերս հազիվհազ կտրելով գետնից` քայլերս ուղղեցի դեպի մոտակա այգու սոճուտը: Իրարից խռով կեցած սոճիների բները միմյանց կապող պարանից կախ` գույնզգույն լաթի կտորներն ամբողջացնում էին ծառերի տակ գիշերող շրջմոլիկ Վարդուշի զգեստապահարանը: Կասկածելի հետքերով պատված Վարդուշի ներքնաշորերն օրը ցերեկով փողփողում էին Սայաթ-Նովայի հոգնատանջ հարևանությամբ: Վայրկյանի` չգիտեմ քանի հազարերորդ ակնթարթում աչքս ընկավ ծառին դեմ տված հնամաշ, բերանը բաց պայուսակին, որի մեջ ճղփացող արևածաղկի սերմերի առատությունն առավել ընդգծում էր գրքի ծալ-ծալ էջերից ձևված բաժակների կարևորությունը: Կարևորություն եք ասում, տեսնեմ` ինչ կասեք, երբ տիտղոսաթերթը կարդաք` Ֆրանց Կաֆկա, “Դղյակը”: Տասը տարի առաջ գրող ընկերս դողահար ձայնով նման մի զավեշտախաղ պատմեց: Մեղքս ի՞նչ թաքցնեմ. այն օրերին երկրիս գլխին թափված արհավիրքների սոդոմ-գոմորում քիչ մնաց արդարացնեմ հայ ժողովրդի պատմության թանգարանի բակում արևածաղկի սերմերը Կաֆկայի “աբսուրդով” վաճառող Վարդուշին, իսկ այսօր… օ~հ, այսօր Կաֆկան հասել է հասարակական պետքարանին:
Գուցե մեղավորն այն օրերի իմ ներողամտությու՞նն էր, գուցե աբսուրդի թատրո՞նը մեզանում, իսկ գուցե մեղավորներ պետք չէ՞ որոնել, քանզի պետքարանը հույժ կարևոր հանգուցալուծում է և ահա’, արդեն` քթիս տակ: Մի հանգամանք ևս. այնտեղ է նաև իմ երկար որոնած պատմվածքը: Որքան գարշանքը` շատ, նատուրալիզմը` մերկ, այնքան գինը` բարձր, այնքան ինքնատիպ հորջորջվող ու մեծ պահանջարկ վայելող: Հասկացա: Ուստի տաբատիս լայն փողքերը նազանքով քշտելով, ոտնաթաթերիս վրա ցատկոտելով` շրջանցեցի մուտքի մոտ լճացած միզափոսը և խորշելով դիպչել բռնակին` արմունկով ներս հրեցի ծանրորեն տեղի տվող դուռը: Կղկղանքի չոր բծերով պատված դուռը դժկամորեն ճռռաց, և ես, դեռ շնչահեղձվելով ձկան զմայլելի գարշահոտից, փսխուքս հազիվ զսպելով, քայլ արեցի, բայց դուռը շրխկոցով փակվեց: Դուռ կա` բացելն իմ ուժերից վեր է: Ծախու կնկա պես է. չվճարեցիր, չի բացվի:
Եվ չմոռանաս` ամեն բան իր ժամանակն ունի, իսկ թե պահը բաց թողեցիր, կհայտնվես խաղից դուրս վիճակում: Երբ դուռը փակվում էր, ոտք ու գլխով ծեփվեցի նրա նեղլիկ կողափայտին և մնացի դռան տակ: Միանգամից բոլոր ցավագին ու տհաճ զգացողություններս չքվեցին, որպես թեթև մի շունչ` դուրս պրծա դռան տակից ու հայտնվեցի այնքան տենչալի պետքարանում: Մի պահ այլայլված ընկրկեցի, երբ առաստաղի տակ թևելիս բախվեցի լպրծուն կոճաթելին, որի ծայրում հրապուրիչ ճոճվում էր ապահովիչների ահռելի խուրձը: Մերօրյա TV շոու: Հետո պիտի հասկանայի, որ կոճաթելը սերմնահոսում էր` գրգռվելով շրջակա միջավայրի կրքահարույց շնչից: Ամեն չափ ու ձևի, տեսակ-տեսակ ապահովիչներ` որպես այլազան վարակներից ու փիս-փիս ախտերից հասարակությանը զերծ պահելու անձնվեր հոգածության առհավատչյա: Ապահովիչների ցնցող տեսարանից դեռ ուշքի չեկած` խավարչտին պետքարանում սոսկումով ծղրտացի, երբ անհամար օթյակներում տարտամ խլրտյուն զգացի: Բիբերիս լայնանալուն զուգընթաց` ուրվագծերը հստակվեցին, ու ես առավել խրտնեցի: Բայց զարմանքս է’լ ահագնացավ, երբ ծղրտոցս ամենևին չսթափեցրեց գզվռտվող զուգակիցներին և դույզն-ինչ չխռովեց նրանց ինքնամոռաց անդորրը: Շունչս պահեցի. կոկորդումս ուռճացող գունդն աղմուկով վերուվարում էր, բայց ոչ ոքի պետքը չէր, ամենքն իրենց գործին էին: Ճիշտ ու ճիշտ հայ “սուպերպատմվածքի” պես. ինքն իրեն ուտում է, կաշվից դուրս գալիս, որ մի կերպ խցկվի հայ օջախների պապական եռուզեռի մեջ, բայց ավաղ…
Միտքս մեկեն պայծառացավ: Իմ ձայնը միայն ինձ է լսելի. հասարակությունը խորասույզ է իր բնական պետքերը հոգալու և բազմանալու չարչարանաց գործում: Իսկ ինչու՞ դիտորդի իմ ներկայությունը չի վիրավորում նրանց արժանապատվությունը, ինչու՞ չեն ընդվզում իմ ոտնձգության դեմ, չէ՞ որ անձնական կյանքն անձեռնմխելի է, մինչդեռ ես քիթս խոթում եմ այլոց գործերի մեջ ու նրանց մեկուսի այլասերումը պատկերում մանրազնին ճշտությամբ, ինչ է թե` պատմվածքս գրվի: Այս հանելուկն էլ շուտով պարզվեց: Երբ բամբակի արյունոտ խծուծները, որ դիզված էին մենախցի անկյունում տապ արած զամբյուղի գլխին, վերջնականապես հանեցին ինձ հունից, և ես խռնչյունով թքեցի, իրենց օթյակի տապից ընդարմացած երկու կանայք վավաշոտ բերաններն իսկ չփակեցին, երբ նեղսրտած թևածեցի, ու ոտքս դիպավ երկու առնական տղամարդկանց` մեկմեկու վրա հակված գլուխներին, զգոնության նշույլ իսկ չնկատեցի, վերջապես գլխի ընկա:
Արգելված շեմն անցնելիս դռան տակ էի մնացել, իսկ պետքարանում թևածողն իմ աներևույթ եսն էր, որ մի կերպ դուրս էր պրծել նեղ արանքից` կյանքի գնով հայ պատմվածքը փրկելու սեռամոլագար բարբաջանքից, պաթոլոգիկ խեղումների ֆետիշացումից… իսկ հասարակաց պետքարանում ամեն բան մնում էր այնպես, ինչպես է’ր, ու իմ անտես ներկայությունը ոչինչ չէր փոխում, քանզի կյանքը ձևվում է ո’չ ըստ պատմվածքի, այլ ճիշտ հակառակը:
Ու ես աղոթքից չվախեցա. “Ավգյան ախոռները մաքրիր, Տե’ր, որ ամուլ պատմվածքս պտղաբերի”:
2001

Комментариев нет:

Отправить комментарий