понедельник, 26 марта 2012 г.

ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ, ՄԵՌԱԾ ՀՈԳՈՒՍ ԵՎ ՇԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ


Շները կաղկանձում են, ուրեմն ես արդեն մեռած եմ: Հոգուս համար մոմ վառողն իմ կորցրած Շունն է (ինձ ու նրան ավելի լավ ճանաչելու համար, խնդրե’մ, կարդացեք ՙԻնձ մի’ հալածեք, ես չգիտեմ ձեր հարցերի պատասխանը՚ պատմվածքս):
Սա այն Շունն է, որին հիսուն տարի առաջ (այսքան շատ եմ գրում, որ գուշակությունս իրականանալու դեպքում գոնե տատիս մեռնելու տարիքին հասած լինեմ. համա վհուկի քրքիջով ջադու կլինեմ, հա~) տարա-հանեցի չոլերը, որ հոգիս ազատվի նրա չորացած կղկղանքը մաքրելու տանջալի պարտականությունից: Ասում եմ` տարա, և դուք հավատո՞ւմ եք... չտարա, խաբեցի, գայթակղեցի և դավաճանեցի (իմ ցեղին հարիր բաներ են, որ ես ապուշի պես այնքան քիչ եմ արել, իսկ այս մեկը իմ կյանքի գլուխգործոցն է):
Ոտքերս դողում էին, ատամներս` կափկափում, բայց մի կերպ հասա պատշգամբ: Հիսուն տարի է անցել, ու էսօրվա պես հիշում եմ. տարին գարունով էր հղի, գետինը դեռ սառած էր, բայց սառույցի միջից մի տեղ կանաչ ցողուն էր դուրս պրծել ու կարծես չէր մրսում, համենայն դեպս, որ մրսեր, ես կզգայի, սուտ-ճիշտ` մի ժամանակ սիզախոտ եմ եղել: Էդպես եմ հիշում, կամ ուզում եմ հիշել: Ինչևէ, գնացի պատշգամբ, լվացքի պարանից մի կտոր կտրեցի (ա~հ, լվացք անողս ո՞վ է), Շանս վիզն ամուր օղակեցի, սուսուփուս ենթարկվում էր, մեռնե~մ խելոք աչքերին, ու իբր թե տանում եմ բակ, որ ծառի տակ միզել սովորեցնեմ: Երբ միզում է, դունչը խրում ես էդ նույն հողի մեջ, որ մի լավ հոտոտի, հետո հիշողության ամենաբարձր ոլորտներում պահպանվում է սեփական գարշահոտը, բա ո~նց, էն էլ ի~նչ հիշողություն, դու և քո բստրած համակարգիչը ղալաթ եք արել: Բույրերի սովոր իմ Շունը լեզվով համտեսում էր իր մեզը, որ նողկանքի հետ սարսափ էր հարուցում, և նա ինքնաբերաբար միզում էր: Մի քանի օր էդպես կրկնում ես, և շունդ դառնում է ձեռնասուն, տանու, վարժեցրած, վա~յ, դե հա էլի` քո’նը (ա~յ տնաշեն, կնիկարմատն էլ էդքան սեփականատենչ կլինի՞, որ դու ես… շուն է էլի, թող մի քիչ էլ դես ու դեն ընկնի, սրան-նրան հոտոտի, միևնույնն է, ինչ էլ անես, վերջում մի անկյունում կուչ է գալու ու առանց քեզ հաշիվ տալու` ոտքերը ձգի, բա ամբողջ կյանքում փեշիդ կպած հո չի՞ մրափելու, վերջիվերջո շուն է, չէ՞. մանավանդ որ էս անտեր կյանքում ամեն բան ժամանակով է, էլ ինչի՞ ես սահմանափակում սահմանափակը):
Պարանը թեթև քաշեցի, խոնարհ առաջ ընկավ: Բայց որ ծանոթ ծառի տակով անցանք ու կանգ չառանք, սարսռալով հպվեց ոտքերիս, դունչը քսմսեց ծնկներիս, հետո մի քիչ էլ վեր..., ես սթափվեցի: Փեշս խոնավացել էր, է~հ, ինչ ուզում են, թող մտածեն, իմ դա~րդ` ձեր հավես:
Ուրեմն, իմ մեղավոր հոգու համար մոմ վառող այս Շունը Երևանից հասել է Վահանավանք, քանի որ գիտի, շնավարի համոզված է` իմ հոգին իրականում միայն իրեն է պատկանել և դեռ պատկանում է: Եկել է հասել էս սարերի հեռուն, որ իմ կաղկանձող մենությանը տիրություն անի: Այս Շունը, որին միտումնավոր տարա-հանեցի չոլերը, որ կորցնեմ-պրծնեմ: Ո~նց էլ տեղս գտել է... ասա` ի՞նչ իմացար, թե Վահանավանքը Սյունիքի էս հեռավոր ծայրին է: Կարող է գնար դեմ ընկներ Տաթևի վանքին, կամ… Որ ճիշտն ասեմ, քանի ողջ էի, ես էլ մի հարմար պահ չգտա ոտքս էս վանքը դնելու, էս աղոթատան պատերը համբուրելու, թե մեռած հոգիս ոնց եկավ ծվարեց էս մոմերի լույսի մեջ, հանելուկ է:
Ո’չ միայն Շունս է եկել, այլև շների մի մեծ ոհմակ ետևը գցած` բերել-հանել է էս մամռած ու մրոտված վանքի պատերի տակ, որ ի'նձ մատնացույց անի. ՙԹամաշա է. տեսեք` իմ վզին պարան գցողն ու ինձնից հրաժարվողն էս կավատն էր, որի անտեր-անտիրական հոգին միայն ինձ է պետք, իզուր չեմ էսքան երկար դիմացել (ո՞ր մի շունն է հիսուն տարի կաղկանձելով ապրում): Դիմացել եմ, որ հիմա գամ, լեզուս կախեմ, մոմի բոցերը համբուրեմ, քանի որ աշխարհի բոլոր տատասկների փշերն ու օձերի թույնը չեն կարող ինձ էնպես ձաղկել ու մահվան դուռը տանել, ինչպես էս մեռած հոգու մոլորված դեգերումը՚: Պարզվում է` Շունս կարգին ճառասաց է, տեղն իմացող չկա:
Ուրեմն, ես հաստատ մեռած եմ, քանի որ դարչնագույն պուտերով իմ Շան հոտն այլևս չեմ առնում, չէ', սպանեք էլ, հոտ չեմ առնում, բայց որ ինքն է, հեռվից հեռու զգում եմ, հիմա ես էլ եմ Շանս պես միայն զգայարաններով առաջնորդվում, այն էլ` ոչ բոլոր. երևի մարդ որ մեռնում է, դառնում է իր բնական վիճակին:
Գարնանամուտի այն օրը, երբ պարանը գցեցի վիզը ու ետևիցս քարշ տալով տարա-հանեցի չոլերը, անցնող-դարձողի վրա հաչում էր, պոչը հողմաղացի պես վտանգավոր արագ պտտում, ականջները մանրիկ դողացնում, բայց դունչը գետնից չէր կտրում. երևի հոտոտում էր, որ ետդարձի ճամփան հեշտ գտնի, հավանաբար, քանի որ իր կարճատև կյանքի ընթացքում (վեց ամսական էր) երբեք այդպիսի երկար ճամփորդության չէր գնացել: Գուցե հասցրել էր ինձ սիրել. հարմարվել կամ սովորել էր իմ մշտակենդան ներկայությանը, որն իր համար առարկայանում էր քայլիս տկտկոցով, ափիս մեջ պահած մսահան ոսկորով ու ականջի բլթակը քնքուշ կծմծելով: Ես էլ էի իրեն սովորել, չէ', ես այդ շանը սիրում էի, և ինքը, թեպետ չգիտեր, բայց զգում էր սերս, ու դա է պատճառը, որ խաբեության կամ դավաճանության մասին իսպառ պատկերացում չուներ: Բայց երևի հոտն առել էր (ես միշտ զարմացել եմ, թե մարդ ինչպես է զորում ճանաչել այն, ինչը երբեք տեսած չկա, ասենք` մահվան թագավորությունը... երևի այնպես, ինչպես շունն առանց գիտենալու զգում է դավաճանությունը): Երբ ծնկեցի, որ վզի պարանը հանեմ, գլուխը բարձրացրեց ու նայեց աչքերիս, չգիտեմ ինչ տեսավ, քանի որ արցունքից հայացքս մշուշվել էր, միայն զգացի, որ այլայլված էր, անլսելի սուլոցով վնգստում էր: Արդեն գիտեր:
Կիսաքանդ, դատարկ շինություն էր, որի տերերը կամ չէին հասցրել տուն վերադառնալ, կամ էլ ամեն ինչ փլվել էր, երբ պակասել էր կարևոր մի բան: Քամին տարուբերում էր կիսաբաց դուռը, որի ծղխնիները զարմանալիորեն չէին ճռնչում. ուրեմն տունը վաղուց չէր լքված: Ես երկու ձեռքով գրկեցի Շանս ու համբուրեցի թաց մռութը: Ինձ թվա՞ց, թե՞ շան արցունքը աղի չի լինում: Երբ դուռը փակեցի, զրնգան լռությունը դիպուկ նետված կացնի պես խրվեց հիշողությանս մեջ, իսկ երբ պատի տակ ընկած ծանր քարը մի կերպ դեմ տվեցի դռանը, ներսից լսվեց սպանիչ սուլոցով վնգստոցը: Ականջներս փակած սկսեցի փախչել, զայրագին հաչոցը հետապնդում էր ինձ ու կյանքս թունավորում չգիտեմ դեռ որքան ժամանակ: Երբ ինձ նետեցի առաջին պատահած տաքսին, վախենում էի ետ նայել, քանի որ համոզված էի` հեռվում կնկատեի իմ հետքով վազող Շանս, որի վնգստոցն այդպես էլ մինչև մեռնելս չլքեց ինձ:
Հիմա ես մեռած եմ. հաստա'տ: Շունս մոմ է վառում իմ հոգու համար, իսկ ես նրա հոտն այլևս չեմ առնում: Վահանավանքի մամռած պատերն անթիվ առասպելներ ունեն իրենց խորշերում թաքցրած, իսկ այս մեկը թևածում է այն մոմի լույսի մեջ, որն իմ կորցրած բաց դարչնագույն պուտերով Շունն է վառել: Լեզուն կախ` Երևանից հասել է Սյունիքի այս հեռավոր անկյունը, ուր հիմա ձմեռը գարունով է հղի:

2006

1 комментарий: