вторник, 20 марта 2012 г.

ՎԱԶՔ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱԴՈՒՌ


Կուկոն ճամփա էր ընկել ու գնում էր, երբ Դրախտի ճանապարհին վթար պատահեց, ու նա հայտնվեց երջանկություն որոնողների համար նախատեսված ծուղակում: Տխմարի պես կարծեց, որ ձեռքը մեկնի, մասրենու թուփն ինքն իրեն կթեքվի իր մեղավոր հոգու կողմն ու հագի շորերը կքաշքշի, և ինքը, խունջիկ-մունջիկ լինելով, կաղերսի` թո~ղ, ի սեր Դրախտի, ամոթ է: Իսկ երբ մասրենու փոխարեն մի ժանգոտած մեխի գլուխ գտավ, Կուկոյի մարմինը քափ ու քրտինք առավ` ու~ր էր ինձ այդքան բախտ:
Աշխարհից խռով ապրողները հավաքվեցին Կուկոյի գլխին ու մարդասիրական մղումով սկսեցին ոտ ու ձեռը շոյել, որ հանկարծ էն աշխարհ չգնա. հիմա ո՞վ է գժվել իր անմահությունը վտանգի ենթարկի, ինչ է թե` համայնքի մի աննշան անդամին տարագիր չտեսնի: Էնպես մանր-մունր խորհուրդ է, բան է, ձևապատշաճ ձեռքսեղմում է կամ մեղրակաթ մի ժպիտ, այդքանը կարելի է, ավելին` չարժե:
- Կո’ւկո, քեզ տղամարդավարի պահի, թե չէ ոտքերդ որ տնկես, դա կկոչեն թուլամորթություն, համ էլ կապացուցես, որ կողմնակի անձանց մուտքը Դրախտ արգելված է, իսկ դա աքսորյալներիս պարտության գրավականը կլինի, - մտերմավարի հրահանգեցին բախտակիցներն ու ավելի եռանդով լծվեցին աշխատանքի` այս անգամ մերսելով կզակը, պարանոցն ու ուսերը, կարծես թախտին պառկածը ոչ թե սովորական մահամերձ էր, այլ իր բեմելին պատրաստվող շատ տաղանդավոր դերասանուհի:
Հավաքվածներից մեկը Կուկոյի ականջին փսփսաց, որ էն աշխարհ գնալու համար իրենք վաղօրոք հերթագրվել են, ու նրա հերթը դժվար թե այդքան շուտ հասնի: Հիվանդ սրտին` մխիթարանք: Ուզում եք` հավատացեք, ուզում եք` չէ. երբ աշխարհը գլխին մթնեց, ու ինքն իրենից պարտվեց, Կուկոյի խեղված երևակայության սրսփյունը լսելի դարձավ անգամ Սահարայի անապատում: Այնտեղ վխտացող նրա բարեկամներն իրենց ծանոթ վժժոցը լսեցին թե չէ, ձեն ձենի տված համախմբվեցին. ինչպես որ մենք մեր բնազդներին հագուրդ տալիս առանց թամաշայի յոլա չենք գնում, այնպես էլ մերոնք` մեր հարազատ վժվժիկները, իրենց միջի թույնը միայն հրապարակային քննարկման համար են արտազատում: Այսպիսով`անապատի մողեսները, օձերն ու կարիճներն իրենց բներից սողեսող դուրս ելան, հասան Կուկոյի առանձնատան շեմին ու դարպասը նշանաթակով բախեցին: Իրեն ծանոթ զարկերը հաշվելով` նա պատրաստակամ բացեց հյուրընկալ տան դուռը, որ ցեղակիցները երկար չդեգերեն ՙօտար-ամայի ափերում՚: Նա իր թունառատ գազանիկների գլուխները շոյեց, դնչիկները պաչպչեց ու սիրագորով սեղմեց կրծքին, որ իրենց միայնակ չզգան այդքան մարդկանց մեջ: Կարծում եք Կուկոն չգիտի՞, որ սիրո թույնը ամենամահացուն է, ուստի խորապես զգում էր` մողեսները, օձերն ու կարիճներն իր սիրուց ամենևին խելքամաղ չեն լինում:
Բայց և այնպես նա ապահովագրեց իր կյանքը, որն այլևս ոչ մեկին ու ոչնչի պետք չէր: Գազանիկների հետ առավոտյան հանդիպումը չկայացավ, քանի որ արյան ցածր ճնշումը թույլ չտվեց նույնիսկ երկու րոպե ոտքի վրա կանգնել: Չկա չարիք, առանց… Ուրիշ բան չէր ուզում. գոնե հասներ լվացարանին ու ատամի մածուկի համն զգար լնդերի կաթնափառի վրա, գոնե անուշահոտ ջրով ցողեր արտևանունքները, գոնե… Այո, Կուկոն շատ ուզեց, բայց նա հին ուզվոր է, դեռ այն ժամանակվանից, երբ հավաքարարի պաշտոնն իրեն չէր վստահված, ու լաթի կտորը չէր ընկղմում ալիքվող դույլի մեջ, որպեսզի մաքրաջրով բուրող թաց հետքեր թողնի շուրջը սփռված փոշեցեխ հատակին:
Մինչև հավաքարար դառնալը Կուկոն գործազուրկ էր և բախտի բերմամբ դեռ ոչ մի ժահրոտ գազանի բույր չէր առել: Քանի որ առավոտ կանուխ արթնանալու և զուգվել-զարդարվելու կարիք չկար, նա գզգզված մազերով ու անշպար պառկում էր տրորված, բազուկների ու ազդրերի արանքում ճմրթված անկողնում, քիթը խոթում էր բարձի գոլի մեջ ու համաչափ շնչում-արտաշնչում` որպես իր կյանքի գոյության փուչ վկայություն:
Մի օր էլ պառկած` Կուկոն ուզեց մի գործ ճարվեր, որ ինքն իր գլխի տերը դառնար. մոտ հազար գիշեր կլիներ` անպիտան երազները նրան տանում-հանում էին այն չքնաղ բացատը, որտեղ կանաչ պատատուկները փարվում էին մորու և հաղարջի նուրբ մաշկին, խատուտիկ պոչով թռչունները կտցահարում էին բալենու կարմիր ուլունքները. բնությունը ցոփ սիրաբանում էր: Բացատի վայելքը նրան այնպես էր ոգևորել, որ նույնիսկ ուզեց հավերժ մնալ այնտեղ, թեկուզ` հեռվից դիտողի դերում, բայց հանկարծ գլխի ընկավ, որ իր ցանկությունը քիչ էր, հարկավոր էին բազում հանգամանքների ու պայմանականությունների զուգադիպում, բազում խարդավանքների ու հերյուրանքների հաղթահարում: Ստիպված երազները հավաքեց, լցրեց պատահաբար հագին մնացած դպրոցական գոգնոցի գրպանները և տուն եկավ: Բայց եթե մինչև վերջ անկեղծ լինեմ, ճիշտ այդ օրվանից էլ Կուկոն գլխի ընկավ, որ հենց ուզեր, բոլոր ցանկությունները կկատարվեին:
Ու նա ցանկացավ հավաքարարի պաշտոն ունենալ, նույնիսկ եթե գլխավոր պայմանը Աստծո ամեն օր մաղձոտ սողունների հետ դեմառդեմ հանդիպելն է:
Հավատացե’ք, հավաքարարությունն անչափ ինտիմ գործ է: Քիթդ խոթում ես ուրիշի կերած-խմածի, արած-չարածի, կլլած-արտաթորածի մեջ, մաքրում, լվանում, պլպլացնում ես, որ տերերի կյանքը վայելք դառնա, իսկ քո ձեռքերից, ոտքերից, անգամ ռունգերից նրանց արտազատած մնացորդների հոտն է փչում, և դու մի պահ քեզ նրանց տեղում ես երևակայում: Շատ հակասանիտարական զբաղմունք է, ներեցեք, ուզում էի ասել` պաշտոն է: Քեզ նայողներն ու հոտոտողները կարծում են, թե այդ ամենը քո վայելքի հետևանքն է, մինչդեռ խեղճ հավաքարարին կյանքի այս ողջ բոհեմից մնում է մի երկու անպետք փալաս-փուլուս, մրոտված ու զամբյուղը նետված թղթերի կույտ և միանգամյա օգտագործման դատարկ սրսկիչներ, որոնց միջից պարպված լուծույթները, ո՞վ գիտի` ո՞ր երկինքներն են հասցրել դրանք ընդունածներին:
Եվ ուրեմն, հավաքարարի պաշտոնը Կուկոյին արդեն անհիշելի ժամանակներից է վստահված, մինչդեռ չոր աշխատավարձից բացի ոչ մի պարգևատրում չի ստանում: Էդ անտեր վայելողներին թվում է, թե նրա ճակատին հենց այդպես էլ գրված է. ուրիշների ապրած-չապրածը սրբագրել-խմբագրել, կներեք, պիտի ասեի` այլոց խփշտած-մարսածի հետքերը մանրէազերծել ու ախտահանել: Լավ էլ անում են, որ չեն պարգևատրում. բա գիտեք` նրանց դո՞ւր է գալիս, որ իրենց անցուդարձին տեղյակ աչք կա, փսփսոց-տնքոցին ունկնդիր ականջ կա: Որ իրենց մնար, կնախընտրեին կեղտի մեջ խեղդվել, կթողնեին աղբը ելներ, բերանները լցվեր, միայն թե ոչ մի հավաքարար իրենց դղյակ-խրճիթների շեմին մոտ չգնար: Բայց դե, փա~ռք Աստծո, էս մի բանում նրանք հլու-հնազանդ են համայնքի մեջ իշխող համակեցության օրենքներին. խոզը, որ խոզ է, ոտքի տակը մաքրում, նոր է մեկնվում ու թավալգլոր լինում: Այնպես որ, ուզեն-չուզեն, Կուկոյի սիրասուն հերոսները թույլ են տալիս, որ նա սուսուփուս կատարի հավաքարարի իր պարտականությունները: Բայց պիտի անկեղծ լինեմ. երբ Կուկոն ամեն բան իր տեղն է գցում, երբ բոհեմից գրեթե հետք չի մնում, սիրտը սկսում է կարոտել աղտեղության ինքնատեսակ հմայքը, որն իր բոլորաշրջանի մեջ է առնում հավաքարարի նրա կենսակերպը:
Սակայն, ինչպես ամեն բան, Կուկոյի այս աշխատանքի վերջն էլ եկավ: Կուկոյի հերոսներն ավելի էժան հավաքարար են վարձել. համարյա առանց հախ ու հաշվի բանում է ամենքի համար, ուստի Կուկոն կրկին անգործ է: Բախտ բաժանողի թևերը փշրվեին, Կուկոյին էս օրին չարժանացներ: Մարդ էլ իր ամենանվիրական երազանքից ձեռք քաշի՞… Հետո ասում եք` կաթվածահար չլինես, Կո’ւկո, թե չէ Դրախտի ճամփաները մեկընդմիշտ կփակվեն պարտվածիդ առաջ: Դե մի՞թե այս ծուղակն ընկնողը դեռ այնքան հիմար կգտնվի, որ կշարունակի մտքի ծայրով արքայություն անցկացնել: Կուկոն Դրախտն ի՞նչ է անում, երբ զրկվել է ունեցած միակ փեշակից: Այս անսպասելի վթարի հետևանքով առաջացած պարապուրդն անհատուցելի է, հավատացե’ք, և մի’ փորձեք սեփական կաշվի վրա զգալ Կուկոյի կորուստը, այլապես կխելագարվեք:
Իր փափուկ ծուղակում անհանգիստ շուռումուռ էր գալիս Կուկոն, երբ ականջին հասավ բախտակիցների խրատաբան սաղմոսը.
- Կո~ւկո, քեֆդ տնգոզ պահիր, ՙշատ անողին` շալե շապիկ՚, էս հո մեր մեծ մայրերն էին ասում, իսկ հիմա շունչդ տեղը բեր ու սա ականջիդ օղ արա:
Կուկոն այնքան խորն էր ընկել, որ համարյա խճճվել էր ծուղակի ստորին հոսանքներում, բայց մի կերպ ուժերը հավաքեց, թոքերն ազատեց ներսում լեռնացած թույնից ու դեռ վախվորած` հազիվ լսելի արձագանքեց.
- Ո՞վ չգիտի, որ կատվի փախուստը մինչև մարագն է, իսկ մեր վազքը` մինչև նախադուռ:
Ես մտնում եմ Կուկոյի դրության մեջ ու նրան շատ լավ եմ հասկանում, միայն թե դրանից Կուկոյի մաղձաշատ կյանքը չի փոխվում:

ՙԳրական թերթ՚, 2005

Комментариев нет:

Отправить комментарий